Կանադայի տարբեր հատվածներում տեղի հայերը բողոքի հզոր ակցիա են անցկացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայ համայնքի ներկայացուցիչներից «United Armenian Council of Ontario» (Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդ- UACO) կազմակերպության անդամ Էդգար Մանուկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ Օտտավայից մինչև հեռավոր Կալգարի հայերը դուրս են եկել փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիային զենք մատակարարելու առնչությամբ:

«Չլռե՛լ», «Չաջակցե՛լ Թուրքիային մահաբեր զենք արտադրելու և Ադրբեջանին մատակարարելու հարցում», «Հաղթելո՛ւ ենք», «Արցախը մերն է», «Խաղաղություն Արցախին». այս և այլ վանկարկումներով, պաստառներով դրոշներով տեղի հայերը դուրս էին եկել փողոց:

Նրանց պահանջներից է նաև Արցախի անկախության ճանաչումը: Գլխավոր ակցիան անցկացվել է Օտտավայի խորհրդարանի շենքի մոտ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական զինված ուժերի կողմից խոցված թուրքական «Bayraktar TB2» մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է, որն արտադրվել է 2020թ. հունիսին` Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել սեպտեմբերին:

Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հոկտեմբերի 5-ին հայտարարել է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու մասին: