Ուկրաինան, երկրում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրություն սկսելու մասին թուրքական Bayraktar ընկերության հետ համաձայնագրի շրջանակներում, համապատասխան հարթակ է փնտրում նման ձեռնարկության համար: Այս մասին հայտարարել է Ռազմավարական արդյունաբերության գծով փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: 

«Թուրքական կողմը պատրաստ է ներդրումներ կատարել: Նրանց մեզանից համապատասխան պահանջներով հարթակ է հարկավոր, որն արդյունքում կարտադրի այդ սարքերը»,- ասել է նա ուրբաթ Կիեւում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ուրուսկին պարզաբանել է, որ թուրքական կողմը վերջերս է նման փոփոխված մոտեցում ներկայացրել, իսկ ավելի վաղ պատրաստ էր արտադրություն սկսել «Ուկրոբորոնպրոմ»-ի ձեռնարկություններից մեկում:

Փոխվարչապետը պարզաբանել է, որ Ուկրաինայի Bayraktar ձեռնարկությունում կաշխատեն ուկրաինացի ինժեներներն ու դիզայներները, եւ այն անօդաչու թռչող սարքերի վաճառքի իրավունք կստանա ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այլ շուկաներում:

Ուրուսկին նաեւ հայտնել է, որ քննարկվում է Թուրքիայի հետ շարժական հակատանկային հրթիռային համակարգերի համատեղ արտադրության եւ ինչպես անօդաչու թռչող սարքերի, այնպես էլ ուղղաթիռների եւ հնարավոր թուրքական առաջադեմ մարտական ​​ինքնաթիռի համար ավիաշարժիչների համատեղ ձեռնարկության կազմակերպման հնարավորությունը Թուրքիայում:

Փոխվարչապետը շեշտել է, որ ընդհանուր սկզբունքը հետեւյալն է. «եթե արտադրանքն իրենցն է, ապա տեղայնացումը մեզ մոտ է, մեր արտադրանքն է` տեղայնացումն իրենց մոտ է»:

«Մենք նախատեսում ենք, որ մի քանի համատեղ ձեռնարկություն կստեղծվի, այդ թվում` ծովային թեմայով»,- ասել է Ուրուսկին: Նա պարզաբանել է, որ Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է թուրքական կորվետներով, մանրամասն բանակցություններ դեռ չեն եղել, սակայն առաջին կորվետը կարող է կառուցվել Թուրքիայում, իսկ մնացածը` արդեն ուկրաինական ձեռնարկությունում:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Թուրքիա կատարած այցի ընթացքում Ուկրաինայի պաշտպանության նախարարության եւ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության հարցերով պետական ​​գործակալության միջեւ շրջանակային միջկառավարական ռազմական համաձայնագիր կնքվեց եւ հուշագիր ստորագրվեց պաշտպանաարդյունաբերական ոլորտում նախագծերի վերաբերյալ:

Ուկրաինան 2019 թվականին իր զինված ուժերի համար գնել եւ փորձարկել էր Bayraktar TB2 թուրքական օպերատիվ մարտավարական անօդաչու սարքերը: Դրանք կհամալրվեն թուրքական Roketsan-ի բարձր ճշգրտության MAM-L ավիառումբերով: Բացի այդ, բարձր ճշգրտության թեթեւ MAM-L-ներ եւ բարձր ճշգրտության այլ զինամթերք է գնվել:

Պայմանագրի ծավալն ու մանրամասները պաշտոնապես չեն բարձրաձայնվել: Ըստ բաց աղբյուրների տվյալների` պայմանագրի ծավալը 69 միլիոն դոլար է կազմել, Ուկրաինային կմատակարարվի 6 անօդաչու թռչող սարք, 2 կառավարման կայան, 200 հրթիռ, ինչպես նաեւ պահեստամասեր անօդաչու տեխնիկայի համար: