Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է պատրաստել արկերի տարափի ներքո կրիկեր համտեսող զինվորի տեսանյութի հերոսի՝ շարքային Գեորգի Մելքոնյանի մասին:

«Էս մեր հողն ա ու մենք թեկուզ ատամներով պետք է պահենք մեր հողը: Մենք սովոր ենք արդեն: Էդ նորմալ էր, որ մեր գլխի վերեւով արկ էր թռնում, կողքով փամփուշտ էր անցնում»,-ասում է զինվորը, որը վիրավորվելուց հետո բուժում է ստանում:

Նա անցած շաբաթների ընթացքում շատ բան է տեսել, զգացել ու ըմբռնել, նորովի է արժեւորել մարտական ընկերությունն ու հայրենիքը ամեն գնով պաշտպանելու համախմբվածությունը:

«Նույնսիկ եթե վիրավորներ են լինում, էն կողմում տղերքը դուխները չեն գցում, չեն մտածում՝ վայ, հեսա ինձ էլ կվիրավորեն: Անկեղծ, ինձ վիրավորելուց մեկ ժամ առաջ ես նստած հաց էի ուտում, ու կողքս ուրիշ վիրավոր կար: Այնտեղ մարդիկ ավելի սառնաիսրտ են դառնում: Եթե նույնիսկ իմանում ես, որ ընկերդ մահացել է, իսկ ես շատ մոտիկ մարդկանց եմ կորցրել, դու պետք է շարունակես ապրել:

Թող բոլորն իմանան, որ սահմանին կանգնած տղերքը մի վայրկյան անգամ չեն վախենում, իրենք շատ ուժեղ են, խիզախ: Մեր համար շատ են աղոթում եւ հենց այդ աղոթքներն են մեզ պահում: Էդ լավ խոսքերը գիտե՞ք, թե ինձ ինչքան շատ են գրում, ու էդ խոսքերը մեզ էնտեղ ուժ են տալիս:

Եթե մենք անընդհատ հետ գնանք, մի օր հասնելու են մեր տան դռանը, սպանելու են մեզ ու մեր երեխեքին: Դրա համար պետք է պաշտպանենք սահմանը, չթողնենք, որ ոչ մի թշնամի ներս անցնի»,-նշել է Գեորգի Մելքոնյանը:

Նրա ավագ եղբայրը՝ Գուրգենը, կամավոր մեկնել է ռազմաճակատ պատերազմի հենց հաջորդ օրը: Նա մորն ասել է. «Դու ես մեզ սովորեցրել, որ հայրենիքը պետք է պաշտպանել. Տղան պետք է տղա լինի, ոչ թե վախկոտ»:

Մայրն իր հերթին նշում է. «Սա մեր հայ ժողովրդի կռիվն է: Ուզում են հայ ազգին վերացնեն, բայց դա չի լինելու, հայը պինդ, հզոր ազգ է, եղել է ու կմնա: Ես հպարտ եմ, որ հայ եմ, որ ունեմ երեք որդի, որոնք հայրենասեր են: Անգամ եթե կորցնեմ նրանցից մեկին, էլի հպարտ եմ, որ հայ եմ, ուրեմն այդպես է պետք: Մենք պետք է բոլորս համախմբված լինենք: Թող ոչ մեկը ոչ մեկին վատ բառ չասի: Միասնական մենք հաղթելու ենք»: