Թուրքիան շարունակում է Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ստուգումը եւ նախապատրաստումը տեղակայմանը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շարունակում ենք գնված համակարգերի (Ս-400) ստուգումը եւ նախապատրաստումը, ինչպես պլանավորվել էր: Այս համակարգերի մատակարարումը, դրանց փորձարկումը եւ համակարգային ստուգումները չեն նշանակում, որ Թուրքիան անջատվում է ՆԱՏՕ-ից»,- նախարարի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը:

Հոկտեմբերի 16-ին Թուրքիան փորձարկել էր Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը Սեւ ծովի ափին` հանրապետության հյուսիսում գտնվող Սինոպ քաղաքի մոտակայքում: Դրանից հետո Վաշինգտոնը հույս էր հայտնել, որ Անկարան գործի չի դնի ռուսական համակարգերը: Հակառակ դեպքում, ինչպես հավելել էին ԱՄՆ Պետդեպարտամենտում, դա լուրջ հետեւանքների կհանգեցնի անվտանգության ոլորտում:

Ռուսաստանը եւ Թուրքիան 2017-ին պայմանագիր էին կնքել Մոսկվայի կողմից Անկարային Ս-400 համալիրների մատակարարման մասին: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանի Դաշնությունից: Անկարայի որոշումը խիստ բացասական արձագանք առաջացրեց ԱՄՆ-ի եւ ընդհանուր դաշինքի կողմից: ԱՄՆ-ն դեռ փորձում է այնպես անել, որպեսզի Թուրքիան հրաժարվի ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից: Վաշինգտոնն Անկարային բացառեց ամերիկյան F-35 ինքնաթիռների արտադրության ծրագրից: Բացի այդ, ԱՄՆ-ն պատժամիջոցներով է սպառնում Թուրքիային Ս-400-ի գնման համար, սակայն չի շտապում անել այդ քայլերը, քանի որ վախենում է ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակցի հետ հարաբերությունների հետագա սրացումից: Անկարան նախազգուշացնում է, որ անպատասխան չի թողնի այդպիսի սահմանափակումների կիրառումը: