Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան երկար ժամանակ պայքարել են առաջնորդության համար իսլամական աշխարհում, սակայն նրանց աշխարհաքաղաքական մրցակցությունը սրվեց այն բանից հետո, երբ սաուդյան գործակալները 2018 թվականին սպանեցին լրագրող Ջամալ Հաշոգիին Ստամբուլում գտնվող երկրի հյուպատոսությունում, գրում է «Ռուսկայա վեսնա»-ն:

«Նավթով հարուստ միապետությունը ճնշում է գործադրում Թուրքիայի ընկնող տնտեսության վրա: Սաուդյան զբոսաշրջիկներին խստորեն խորհուրդ է տրվում չայցելել Թուրքիա կամ թուրքական անշարժ գույք գնել:

Այժմ տեքստիլի եւ այլ ապրանքների թուրք արտահանողները բողոքում են սաուդյան հաճախորդների պակասից եւ նախազգուշացնում, որ ներմուծումն արգելափակելու Էր-Ռիյադի փորձերը կարող են ազդել մատակարարումների համաշխարհային շղթաների վրա:

Սաուդյան Արաբիայի Առեւտրային պալատի ղեկավարի` «թուրքական ամեն ինչ բոյկոտելու» կոչերից հետո այս շաբաթ սննդի բազմաթիվ ցանցեր հայտարարեցին, որ դադարեցնում են թուրքական ապրանքների արտահանումն ու վաճառքը: Որոշ խանութներ հայտարարեցին, որ շարունակելու են թուրքական ապրանքներ վաճառել, քանի դեռ պաշարները չեն սպառվել:

Իհարկե, մտավախություն ունենալով, որ դա կարող է շեղել օտարերկրյա ներդրողներին, եւ կասկածների ֆոնին, որ Թուրքիան կարող է բողոք ներկայացնել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն, Սաուդյան Արաբիայի կառավարությունը սկսեց իրեն հեռու պահել բոյկոտից: Իշխանությունները հերքում են, որ սահմանափակումներ են դնում թուրքական ապրանքների վրա եւ շեշտում են, որ արշավը տարվում է երկրի քաղաքացիների կողմից:

Սակայն հայտարարագրում ութ առաջատար բիզնես խմբեր պնդում են, որ սաուդյան շատ ընկերություններ ստիպված են եղել նամակ ստորագրել, որով պարտավորվում են ապրանքներ չներմուծել Թուրքիայից:

Թուրքական կողմը հայտնում է, որ անցյալ տարի բիզնեսը 3 միլիարդ դոլար է կորցրել Մերձավոր Արեւելքում` Թուրքիայի բացասական ընկալման պատճառով:

Սաուդյան Արաբիան 15-րդ խոշոր շուկան է թուրքական ապրանքների, հիմնականում` տեքստիլի, քիմիական նյութերի, կահույքի եւ պողպատի համար: Ընդ որում, սաուդցի ազգայնականները նախազգուշացնում են, որ միապետության տարածաշրջանային դաշնակիցները նույնպես կարող են աջակցել բոյկոտին:

Էրդողանի աշխարհաքաղաքական խաղերը կարող են թանկ նստել թուրք ժողովրդի վրա: Ինչն, ըստ էության, արդեն տեղի է ունենում»,- նշվում է հոդվածում: