Անհայտ վանդալները պղծել են հին եգիպտական սկահակը Գերմանիայի ամենահայտնի թանգարաններից մեկում՝ դրան յուղոտ հեղուկ քսելով, հայտնում է Associated Press-ը:

Դեպքը տեղի է ունեցել հայտնի Թանգարանային կղզում, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Վնասը հասցվել է Հին թանգարանում (Altes Museum) գտնվող գրանիտե սկահակին, հայտնում է dpa-ն:

«Սա այլեւս չի կարելի հերքել՝ մշակույթը հարձակման է ենթարկվում»,- ասել է, Թանգարանների կղզին համակարգող մշակութային կազմակերպության նախագահ Գերման Պարցինգերը։

Նշվում է, որ սա արվեստի գործերի վրա վանդալների հարձակման առաջին դեպքը չէ: Ավելի վաղ, հոկտեմբերի 3-ին, համաշխարհային ժառանգության այլ նմուշներ էին ենթարկվել նման հարձակման, բայց դեռ հայտնի չէ՝ դրանց նույն յուղոտ հեղո՞ւկն էին քսել, ինչ որ գրանիտե սկահակին։

Քննիչները ասում են, որ ստուգել են անվտանգության տեսախցիկները, բայց չեն նկատել նման գործողություններ անող որեւէ մեկին։