Եթե Ղարաբաղում Թուրքիայի «քթին չտանք», ՆԱՏՕ-ն, անշուշտ, կփորձի Ռուսաստանում իրավիճակը Կովկասի միջոցով սասանել, համոզված է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Շերինը:

Մեկնաբանելով Անկարայի պահվածքը՝ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը համոզմունք է հայտնել, որ նրան չպետք է վստահել: «Թուրքիան Ռուսաստանի բարեկամն է միայն այն դեպքում, երբ դա իրեն ձեռնտու է», ինչը հիմնավորված է պատմական իրողություններով,- ասել էնա «ПолитЭксперта»-ի հետ զրույցում։

«Ռուսաստանը պետություն է, որը զրկել է Թուրքիային կայսրության կարգավիճակից: Հակառակ դեպքում, որտեղի՞ց ձեռք բերեցինք Ազով քաղաքը եւ ելքը դեպի Սեւ ծով: Նրանք այդ մասին խոսում են թուրքական դպրոցներում, ունեն պատմական հիշողություն: Եվ եթե ինչ-որ մեկը զարմացած է, թե ինչու է Թուրքիան նման վերաբերմունք ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ, դա պարզապես հանցավոր միամտություն է: Նա միշտ այդպես կվերաբերվի»,- համոզված է պատգամավորը:

Շերինի խոսքով՝ Թուրքիան այժմ փորձում է վերադարձնել Կովկասը, իսկ «Ռուսաստանը եւ ամբողջ աշխարհը զբաղված են նրան հանգստացնելու քաղաքականությամբ»: Պատգամավորը վստահ է, որ նման մեղմությունը Անկարային «ավելի լկտի» կդարձնի․ «Մենք գտնում ենք բազմաթիվ պատճառներ, թե ինչու չենք խառնվում որեւէ հակամարտության: Մենք կարծում ենք, որ Էրդողանը մի փոքր կկատաղի ու կհանգստանա: Բայց Թուրքիայի ցանկացած գործողություն, որը մնում է առանց պատշաճ արձագանքի, ամրապնդում է Էրդողանի վստահությունը, որ ինքն ունի ամենաուժեղ եւ ամենահզոր երկիրը, որ իր բանակը կօգնի վերադարձնել Օսմանյան կայսրության երբեմնի կորցրած բոլոր տարածքները: Փոքր քայլերով նա շոշափում է միջազգային հանրության արձագանքը իր գործողություններին: Թուրքիայի հետ բոլոր մեղմ հարաբերություններն ընկալվում են ոչ թե որպես դիվանագիտական մշակույթ, այլ՝ թուլության դրսեւորում: Եվ հետտագայում ավելի վատ կլինի»:

Պաշտպանության հանձնաժողովի պատգամավորը, ով չեչենական պատերազմում ստորաբաժանման հրամանատար է եղել, հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանում ռազմաբազա ունի եւ զգուշացրել է, որ պատշաճ արձագանքի բացակայության դեպքում շուտով Ադրբեջանում կհայտնվի թուրքական բազա, ինչը հավասար է ՆԱՏՕ-ի բազայի։

«Այսինքն՝ ՆԱՏՕ-ն կհայտնվի Կասպից ծովում՝ միակ ծովում, որտեղ դեռեւս չկան դաշինքի նավեր եւ զորքեր: Եվ սա ելք է տարածաշրջան երկու ուղղություններից` Սեւ ծովից եւ Կասպից ծովից, եւ Կովկասով Ռուսաստանում իրավիճակը սասանելու նոր փորձ»,- բացատրել է «ПолитЭксперта»-ի զրուցակիցը:

Շերինը նշել է, որ ինքը պատերազմ չի ցանկանում, սակայն նշել է, որ «երբեմն ավելի լավ է ինչ-որ առանձին հարցում քթին տալ, քան հետո գլոբալ կերպով գլուխ հանել»: