Ֆրանսիայի նկատմամբ Թուրքիայի ղեկավարության հայտարարություններն անթույլատրելի են եւ կեղծ: Այդ մասին ասվում է կիրակի Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Իվ Լե Դրիանի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կոնֆլան Սենթ Օնորինում տեղի ունեցած ահաբեկչությունը պաշտոնապես դատապարտելու բացակայությանը վերջին օրերին ավելացել է ատելությամբ լցված կեղծ քարոզչությունը, որն ուղղված է մեր երկրի դեմ: Ինչպես նաեւ ուղիղ վիրավորանքը Թուրքիայի բարձրագույն ղեկավարության կողմից Ֆրանսիայի պետության [Էմանուել Մակրոնի] հասցեին: Այդ ամենը վկայում է Ֆրանսիայի դեմ, ինչպես նաեւ երկրի ներսում ատելություն սերմանելու ձգտման մասին»,-նշել է Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավարը:

Լե Դրիանն ընդգծել է, որ այդպիսի վարքագիծն անթույլատրելի է, առավելեւս, դաշնակից երկրի կողմից: ԱԳ նախարարը հաստատել է շաբաթ տարածված վկայությունները, որ Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը հետ է կանչվել տեղի ունեցողի կապակցությամբ եւ վերադառնում է կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, Փարիզ խորհրդակցությունների նպատակով:

Շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդել է, որ Էմանուել Մակրոնն «ունի հոգեկան խանգարումները բուժելու կարիք»: Այդկերպ Թուրքիայի առաջնորդն արձագանքել է Ֆրանսիայի հայտարարություններին իսլամի մասին Փարիզի մերձակայքում՝ Կոնֆլան Սենթ Օնորին քաղաքում ահաբեկչության կապակցությամբ, որտեղ հոկտեմբերի 16-ին 18-ամյա իսլամիստը կրոնական թշնամանքի հողի վրա սպանել էր պատմության եւ աշխարհագրության դպրոցական ուսուցչին: Կատարվածից հետո Մակրոնը նախազգուշացրել էր, որ Ֆրանսիայի իշխանություններն ակտիվ պայքար կմղեն ընդդեմ արմատական գաղափարախոսությունն ու դրա կապակցությամբ ասոցիացիաները կրողների: