Ոստիկանները հաստատել են Զուգդիդիում «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղում պատանդներ վերցրած հանցագործի ինքնությունը, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն՝ հղում անելով հանրապետության ՆԳՆ-ին:

ՆԳՆ-ն կոչ է անում ԶԼՄ-ներին եւ հասարակության բոլոր անդամներին զերծ մնալ հարձակվողի անունը կամ լուսանկարը հրապարակելուց: Ինչպես նշվում է, այդ տվյալների բացահայտումը կարող է խանգարել հետաքննության ընթացքին:

Հայտարարությունից նաեւ պարզ է դարձել, որ դեռեւս հանցագործի գտնվելու վայրը հայտնի չէ: «Ոստիկանության կողմից նույնականացված անձի գտնվելու վայրը պարզելու եւ նրան բերման ենթարկելու համար իրավապահները դեռեւս ակտիվորեն շարունակում են կատարել հատուկ գործողություններ, որոնողական եւ քննչական միջոցառումներ»,-հաղորդում են ՆԳՆ-ից:

Տեղի ունեցածը հետաքննվում է «կողոպուտ», «հրազենի ապօրինի պահում» եւ «պատանդների գերեւարում» հոդվածների հատկանիշներով:

«Ֆորմուլա» հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ այսօր Զուգդիդի է ժամանել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին եւ նրա երկու տեղակալները՝ Իոսիֆ Չելիձեն ու Վլադիմիր Բորցվադզեն: Հայտնի է, որ պաշտոնյաները հանդիպել են շրջանի ոստիկանության վարչության ղեկավարի հետ, որն անձամբ էր բանակցում բանկի վրա հարձակվողի հետ պատանդներին ազատելու համար:

Զինվորական համազգեստով եւ դիմակով անհայտ տղամարդը ներխուժել էր «Վրաստանի բանկ» Զուգդիդիի կենտրոնում հոկտեմբերի 21-ի ցերեկը: Հանցագործը, որը զինված էր ինքնաձիգով եւ նռնակով, պատանդ էր վերցրել ավելի քան 40 մարդու՝ բանկի աշխատակիցներին ու հաճախորդներին:

Նա պահանջել էր խոշոր գումար եւ միջանցք տրամադրել անվտանգ հեռանալու համար: Հակառակ դեպքում հանցագործը խոստացել էր սպանել պատանդներին:

Մարդիկ շենքում գտնվել են ավելի քան յոթ ժամ: Բոլոր պատանդներին հաջողվել է ազատել կեսգիշերն անց: Իսկ կողոպտիչը լքել է քաղաքը ոստիկանության մեքենայով ոստիկանապետ Գալդավայի եւ եւս երեք պատանդ վերցված քաղաքացիների հետ: Հայտնի է, որ հանցագործն իջեցրել է նրանց Կիրցխի գյուղի մոտ: Այնտեղ նա թողել է մեքենան եւ փախել դեպի անտառ:

Բանկի տեսախցիկների նկարած կադրերում երեւում է, որ հանցագործին բերել են պայուսակ, ենթադրաբար, գումարով: ԶԼՄ-ների տվյալներով՝ նա ստացել է կես միլիոն դոլար: Ավելի վաղ ՆԳ նախարարը հաստատել էր, որ կողոպտչին փրկագին են վճարել: Միեւնույն ժամանակ նա հաղորդել է, որ այդ գումարը պետական բյուջեից չէ: Ըստ ամենայնի, կանխիկ գումարը պատկանել է «Վրաստանի բանկ»-ին: