ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը շնորհավորլել է Հայաստանին եւ Ադրբեջանին հրադադարի ռեժիմի մասին պայմանավորվածության կապակցությամբ:

Նա հիշեցրել է, որ հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյխուն Բայրամովի հետ Սպիտակ տանն ուրբաթ, իսկ երեկ հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

«Շնորհավորում եմ կողմերին հրադադարի պայմանավորվածության կապակցությամբ: Կյանքեր կփրկվեն երկու կողմերում»,-գրել է նա թվիթերյան էջում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ը, Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են արել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի պայմանավորվածություն ձեռքբերելու վերաբերյալ: Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:

Նշենք, որ հրադադարի մասին նախորդ պայմանավորվածությունները ձախողվել էին Ադրբեջանի խախտումների պատճառով: