Որոշ փորձագետներ եւ մեկնաբաններ վստահ են, որ Իրանը վաղ թե ուշ, բայց պետք է միջամտի Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը կողմերից մեկի օգտին։ Սպասումներն իրականում այնքան հեռու են գնացել, որ հիմա իրադարձությունների զարգացման մեջ Թեհրանի հնարավոր հետագա դերի վրա է բեւեռված համընդհանուր ուշադրությունը, նշում է իրանական Resalat կայքը։

Անկասկած է, որ ինչ-որ մեկը շատ է ուզում, որ Իրանն ի վերջո բացահայտ միջամտի հակամարտությանը՝ աջակցելով այս կամ այն կողմին։ Եվ այս պատճառով հակամարտության հետ կապված Իրանի վարքագծին շատ-շատերն են հետեւում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սկզբից անցել է արդեն ավելի քան 3 շաբաթ։ Հակամարտություն հանուն նեղլիկ, ըստ էության՝ հողի պարանոցի, լեռնահովտի։ Բայց անկեղծ ասած՝ սա արդեն հակամարտություն չէ, այլ երկու պետությունների միջեւ իսկական պատերազմ, ուղղակի «երկար խաղարկվող» պատերազմ։ Եվ չնայած պատերազմի ներկայիս «ռաունդի» սկզբից ի վեր անցած ամբողջ ժամանակ, կարծես, մեկ անգամ չեն սկսել խոսել հրադադարի մասին, մինչեւ հիմա իրական հրադադար չկա, եւ 2 պետությունների միջեւ ռազմական դիմակայությունը շարունակվում է լավագույն դեպքում մի քանի ժամվա ընդհատումներով։

Ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերաբերյալ շատ այլ պետությունների դիրքորոշումների (խոսքն, իհարկե, առաջին հերթին հարեւան պետությունների մասին է, որոնց այս հակամարտությունն առնչվում է ուղղակիորեն), պատերազմի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը անցած բոլոր շաբաթներին անփոփոխ է մնացել, չափազանց անկեղծ եւ թափանցիկ։ Իրանն, ըստ էության, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի ամենակսզբից անփոփոխ եւ անկեղծորեն ասում է, առանց որեւիցե վերապահման, խուսափելու եւ խորամանկության, հիմնախնդրի բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտության, երկու պետությունների միջեւ խաղաղության ստորագրման մասին։

Իրանը չափազանց հստակ եւ բացահայտ է խոսում իր սահմաններին կայուն խաղաղության մասին, քանի որ խաղաղությունը երկրի սկզբունքային դիրքորոշումն է, դա բառեր չէ, որ ուղղակի արտաբերվում է հանրության համար։ Իրանը կարծում է, որ կողմերը պետք է սկսեն խաղաղ բանակցությունները՝ այդ խաղաղությանը հասնելու հաստատուն մտադրությամբ, այլ ոչ թե ժամանակ ձգելու՝ այն նպատակով, որ մի քանի ժամ հետո, լավագույն դեպքում 2 օր հետո կրկին սկսվեն կատաղի մարտերը։ Իրանի դիրքորոշման համաձայն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած ռազմական դիմակայություն հանգեցնում է ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը։ Իր այս դիրքորոշումից ելնելով՝ պաշտոնական Թեհրանը կարծում է, որ պատերազմը շարունակելու դեպքում հաղթողներ չեն լինի՝ կլինեն միայն տանուլ տվածներ եւ տուժածներ, իսկ նրանք կլինեն խաղաղ բնակիչներն ու ամբողջ տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը՝ անկախ հանգամանքից, թե որ սահմաններում են այդ քաղաքացիական մարդիկ ապրում։

Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-ադրբեջանական պատերազմի վերաբերյալ Իրանի սկզբունքային եւ հստակ դիրքորոշումը սրանով չի սպառվում, քանի որ Թեհրանը 2 կողմերին էլ զգուշացրել է այս պատերազմի սարսափելի հետեւանքների մասին եւ հենց այս պատճառով 2 կողմերին զսպվածության կոչ է արել։ Դրանից բացի, Թեհրանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումների շարունակումը նաեւ կհանգեցնի ամբողջ տարածաշրջանում ահաբեկչական գործունեության ուժգնացման, իսկ ահաբեկչությունն, ինչպես հայտնի է, սահմաններ չունի։

Այստեղ մեկ այլ կարեւոր մանրամասն է այն, որ պատերազմի շարունակումը կհանգեցնի տարբեր կարգի արտատարածաշրջանային ուժերի ակտիվացմանը, որոնք կձգտեն Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունն օգտագործել իրենց աչառու շահերի շրջանակում։ Այսպես՝ հակամարտությունն արդեն ակնհայտ իրենց շահերի շրջանակում են օգտագործում Իսրայելը եւ նրա հատուկ ծառայությունները, որոնք շռայլորեն այստեղ են մատակարարում զենք եւ ակտիվացնում տարածաշրջանում տարբեր կարգի «դիտումները»՝ իրենց սկզբունքային հակառակորդ Իրանի սահմանների մերձակայքում։ Սա վկայում է, որ պատերազմի հետեւանքների մասին կողմերին Թեհրանի արած բոլոր նախազգուշացումները  միանգամայն իրավացի են եւ արդարացված։

Արդեն ասվեց, որ կան ուժեր, որոնք շատ են սպասում, որ Իրանը նույնպես կներքաշվի այս հակամարտության մեջ՝ ընդ որում բացահայտ աջակցելով կողմերից մեկին։ Նաեւ այն բանի սպասումը կա, որ այս հիմնախնդրին Իրանի մոտեցումը չպետք է սահմանափակվի միայն դիվանագիտական կամ քաղաքական միջոցներով՝ հակամարտության դատապարտում, կողմերին զսպվածության կոչ։ Այն պետք է ներառի ավելի կոշտ հռետորաբանություն։ Բայց դա անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ Իրանը ստիպված կլինի հակամարտող ուժերից մեկի կողմում լինել։ Որոշակի ուժեր կան նաեւ երկրի ներսում, որոնք պահանջում են ընդունել հակամարտության կողմերից մեկի դիրքորոշումը՝ ելնելով քաղաքական, իսկ ավելի ճիշտ՝ քաղաքական-կրոնական պատկերացումներից։ Սակայն չի կարելի թույլ տալ հակամարտության մեջ Իրանի ներգրավումը, քանի որ այս պատերազմը սկուզբունքորեն նրան ձեռնտու չէ։ Ուստի, չնայած եւ Իրանն ուշադրություն է դարձնում հանրության քաղաքական կամ քաղաքական-կրոնական պատկերացումներին, նա պետք է շարունակի պնդել հակամարտությունը բացառապես դիվանագիտական ճանապարհներով լուծելու անհրաժեշտությունը եւ հնարավորինս շարունակի պաշտպանել երկու կողմերի խաղաղ եւ քաղաքացիական բնակչության շահերն ու կյանքը։ Ինչը եւ ընդհանուր առմամբ արել է երկրի ղեկավարությունը՝ հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումն ավելի կոնկրետացնելով գրավոր պաշտոնական հայտարարությամբ։

Հրադադարի կոչերը, տարածաշրջանում ահաբեկչական խմբերի ակտիվացման նախազգուշացումները, ինչպես նաեւ հակամարտության ծանր հետեւանքների եւ քաղաքացիական բնակչության համար անհամաչափ բարձր գնի վերաբերյալ նախազգուշացումները հակամարտության ամենասկզբից եղել են Իրանի սկզբունքային դիրքորոշման կարեւոր բաղադրիչը։

Թվարկված ամեն ինչը, սակայն չբացառեց, որ երկրում (Իրանում) տեղ գտնեն կարեկցանք եւ զգացումներ հակամարտության կողմերից մեկի օգտին։ Սա անգամ սպրդել է որոշ պաշտոնատար անձանց եւ հոգեւորականության ներկայացուցիչների հայտարարություններում, սակայն մինչեւ հիմա Իրանը բացահայտ չի միացել կողմերից ոչ մեկին, ինչն առավել իրավացի է՝ ելնելով երկրի շահերից։

Ակնհայտ է, որ որոշակի ուժեր, որոնց թվում եղել են նաեւ պաշտոնատար անձինք, օգտվելով, որ երկրի իշխանությունները սկզբում հակամարտության վերաբերյալ ոչ մի պաշտոնական հայտարարություն չէին կատարել, փորձել են բանն այնպես ներկայացնել՝ ասես, Իրանն արդեն կողմերից մեկի դիրքորոշումն ընդունել է։ Սակայն եւս մեկ անգամ ենք ընդգծում, որ եթե Իրանին անգամ պետք է հակամարտությանն ինչ-որ մասնակցություն, ապա դա պետք է լինի որպես երրորդ ուժի մասնակցություն, որը նպաստում է խաղաղ եղանակով ճգնաժամի կարգավորմանը։

Որոշակի քաղաքական ուժեր կամ խմբեր կարող են գործել չգիտակցելով՝ ենթարկվելով միայն էմոցիաներին, կամ հակառակը՝ գիտակցված արթնացնել այս կամ այն էմոցիաները՝ միաժամանակ չհասկանալով կամ գիտակցված անտեսելով հակամարտության դաշտային պայմանները կամ հակամարտությանը (երկրի) մասնակցության հետեւանքները։ Բայց մշտապես անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ եթե անգամ տարբերություններ կան պետության քաղաքական դիրքորոշման եւ որոշակի խմբերի զգացումների ու էմոցիաների արտահայտման միջեւ, ապա դա կտրականապես չպետք է հանգեցնի երկրի արտաքին քաղաքականության կուրսում հակասությունների։ Թվում է, որ այս մասին երկրի ղեկավարությունն արդյունքում հիշեց եւ ձեւակերպեց ղարաբաղյան հակամարտության հանդեպ կիրառվող Իրանի պաշտոնական դիրքորոշումը։