Ռուսաստանը չի աջակցում ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հնարավորության վերաբերյալ դիրքորոշմանը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Աթենքի Մակեդոնական լրատվական գործակալության հետ հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Լեռնային Ղարաբաղի հետ կապված պատմությանը Ռուսաստանի եւ Թուրքիայի ներգրավվածության բնույթը իր նրբություններն ունի,- հավելել է նա։ - Չենք թաքցնում, որ չենք աջակցում այս հիմնախնդրի ռազմական լուծման հնարավորության եւ թույլատրելիության մասին դիրքորոշումը։ Երկու ժողովուրդներին՝ ե՛ւ հայ, ե՛ւ ադրբեջանցի, դիտարկելով որպես բարեկամական եւ եղբայրական, մենք չենք կարող համաձայնել նման ձգտումներին»։

«Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են լարվածության ձեր թվարկած օջախներում (Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում եւ Լիբիայում) հակամարտությունների կարգավորման վրա։ Ընդ որում՝ գաղտնիք չէ, որ օբյեկտիվ պատճառներով մի շարք տարածաշրջանային հարցերի կարգավորմանը մեր մոտեցումները կարող են զգալիորեն տարբերվել»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է Մոսկվան գնահատում Թուրքիայի ներգրավվածությունը նշված հակամարտություններին։

Լավրովը հիշեցրել է, որ բացառապես քաղաքական կարգավորման օգտին են հանդես եկել Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահ-ղեկավարներ։ Ընդ որում՝ նա շեշտել է, որ հենց համանախագահների «եռյակն» է այս հակամարտությունում համընդհանուր ընդունված ձեւաչափը։

«Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների 11 ժամ տեւած խորհրդակցությունների արդյունքում հանգեցինք համատեղ հայտարարության համաձայնեցման, որը նախատեսում էր հրադադար եւ առավելագույն բովանդակային բանակցային գործընթացի վերսկսում,- շարունակել է Լավրովը։ - Թուրք գործընկերներին համոզում ենք այս գծի աջակցության շահերում իր ազդեցության կիրառման նպատակահարմարությունը։ Լեռնային Ղարաբաղի թեմայով մի շարք հեռախոսային զրույցներ եմ ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ»։

«Բոլոր արտաքին խաղացողներին կոչ ենք անում ամեն ինչ անել, ռազմական սցենարի հետագա ծավալում թույլ չտալու համար, դատապարտելու կողմերի էմոցիաները, ակտիվացնելու խաղաղ գործընթացի վերագործարկման համար պայմանների ստեղծման աշխատանքը»,- ամփոփել է ՌԴ ԱԳ նախարարը։