Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայությունը չի հանդարտվում արդեն մեկ ամիս: Այդ ֆոնին ձեռնարկվում են փորձեր բանակցային գործընթացին վերադառնալու համար, սակայն դժվար է դրանք արդյունավետ անվանելը, գրում է «Կոմերսանտ»-ը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ պատմության ընթացքում Ռուսաստանն ու Արեւմուտքն այդ կետում որպես հակառակորդներ հանդես չեն եկել եւ հանդես չեն գալիս: Դժվար է այդ իրավիճակում պատկերացնել Դոնալդ Թրամփի, Էմանուել Մակրոնի եւ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը, ինչպես նաեւ Մոսկվայում կնքված հրադադարի մասին համաձայնագրին հետեւելու պահանջով Երեւանին եւ Բաքվին ուղղված ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կոչերը: Կամ էլ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների նախաշեմին Վլադիմիր Պուտինի հույսերն այն մասին, որ ԱՄՆ-ն կգործի Ռուսաստանին համահունչ:

Թվում էր, թե ղարաբաղյան հարցում թուրքական միջամտությունն ու ԵԱՀԿ ՄԽ-ում «մեծ եռյակի» քաղաքական մենաշնորհը խախտելու Անկարայի ձգտումը պետք է էլ ավելի մոտեցնեին Վաշինգտոնի, Փարիզի եւ Մոսկվայի  դիրքորոշումները: Սակայն կան կարեւոր նյուանսներ, որոնք այդ առաջին հայացքից կատարյալ սխեմային թույլ չեն տալիս գործել:

Առաջին հերթին, խաղաղությանն ուղղված ցանկացած փորձ հաջող կլինի, եթե հակամարտող կողմերը շահագրգիռ լինեն փոխադարձ զիջումներ փնտրելու մեջ: Սակայն դա չենք տեսնում ո՛չ Բաքվի, ո՛չ Երեւանի կողմից: Ռազմական դիմակայությունը կարող է մերձեցնել նույնիսկ ամենադաժան հակառակորդներին, սակայն փոխզիջումների գաղափարն անխուսափելիորեն հասարակական պառակտում կառաջացնի եւ՛ Ադրբեջանում, եւ՛ Հայաստանում:

Երկրորդ հերթին, որքան էլ կարեւոր լինի ղարաբաղյան սյուժեն «մեծ եռյակի» համար, համաշխարհային տերությունները չեն կարող սահմանափակել միջազգային օրակարգը միայն նրանց համար: Միեւնույն ժամանակ, ԼՂ հարցում ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը շատ տարաձայնություններ ունեն, քան ընդհանուր շփման կետեր: Եվ, իհարկե, դա չի կարող ավելացնել վստահությունն ու միասին աշխատելու ձգտումը:

Երրորդ հերթին, ինչ պահանջներ էլ Թուրքիան ունենա Վաշինգտոնից, Փարիզից ու Մոսկվայից, նրա նկատմամբ «մեծ եռյակի» հույսերը չեն համընկնում: Եթե Մոսկվան հույս ունի թուրքական գործոնի միջոցով թուլացնել հյուսիսատլանտյան դաշինքը, ապա Վաշինգտոնը, հակառակը, չէր ցանկանա թույլ տալ պառակտում ՆԱՏՕ-ի ներսում:

Այդ գործոնները՝ միասին կամ առանձին-առանձին, դժվարացնում են խաղաղ որոշում գտնելու ուղիները: Հատկապես իրավիճակում, երբ ստատուս քվոն, որը գործում է Ղարաբաղում 1994 թվականի մայիսից, խախտվել է: Եվ մեծ է գայթակղությունը, մի կողմից, ամապնդելու այդ վիճակը, մյուս կողմից՝ թույլ չտալու ծայրահեղ փոփոխություններ՝ նախքան բանակցային սեղանի շուրջ նստելը:

Այնուամենայնիվ, նման հանգամանքների դեպքում քաղաքական-դիվանագիտական էսկապիզմն անհնար է: Ավելին, խաղաղ նախաձեռնությունները չեն կարող ոչ մի րոպե դադարել: Միայն գիտակցությամբ, որ արագ առաջընթաց չի լինի, իսկ հակամարտող կողմերը պետք է ապավինեն ոչ թե հրաշքի, այլ սեփական պատասխանատվությանն ու հասունությանը: