Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում սովորական է դարձել է թշնամու հրետակոծությունը։ Քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում (այն եղել է մինչեւ հրադադարը-խմբ) ասում է, որ հակառակորդի հետագա անելիքներին տիրապետում են։

«Բերձորում կանք, ապրում ենք, վստահ եմ, որ թշնամու յուրաքանչյուր ոտնձգություն ավարտվելու է Բերձորով»,- նկատում է քաղաքապետը։

Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով վնասվել են քաղաքի ճանապարհներն ու կամուրջները։ Հայրենիքի սահմանների պաշտպանության համար արվում է ամեն հնարավորն ու անհնարինը։

«Հայրենիքի պաշտպանությունը առաջնահերթ է, առանց հայրենիքի մենք ո՞ւմ եմ ենք պետք։ Մեր մարտական ոգին բարձր է, շատ լավ տրամադրված ենք, թիկունքում մտահոգվելու կարիք չկա»,- ասում է  հայրենիքի սահմանների պաշտպանության գործին միացած փրկարարը։

Նրանք վստահեցնում են, ներխուժման փորձի դեպքում անմիջապես ոչնչացնելու են թշնամուն։ Ինչքան էլ, որ թշնամին մոտենա, միևնույն է՝ հանգիստ չեն ունենալու։

Կամավորներին ու փրկարարներին միացել են նաև ոստիկանները։ Իրենց գործն է՝ խաղաղության ժամանակ ապահովել ներքին անվտանգությունը, իսկ պատերազմի դեպքում՝ արտաքինը։

«Պետք է համախմբվենք, որպեսզի կարողանանք թշնամուն դիմակայել, տրամադրություններս բարձր ու մարտական է, պատրաստ ենք մեր հայրենիքը պաշտպանել»,-  ասում է նրանցից մեկը։

Տեսանյութը՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության