Պատմությունը ցույց է տալիս, որ ինչպես 100 տարի առաջ, այսօր եւս հայերը գործ ունեն հավերժական թշնամու՝ Թուրքիայի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:

Նա նշեց, որ եթե 100 տարի առաջ բոլշեւիստական ղեկավարությունն աջակցում էր Թուրքիային, ապա ներկայիս Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է:

«Բազմիցս հայտարարվել է Հայաստանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական մակարդակով աջակցելու պատրաստակամության մասին, սակայն միայն ըստ անհրաժեշտության եւ Հայաստանի անվտանգության համար սպառնալիքի առաջացման դեպքում»,-նշեց Մարուքյանը:

Միեւնույն ժամանակ, նա նկատեց, որ չնայած երկրորդ հարցի քննարկումներին եւ բազմաթիվ խոսակցություններին՝ Ռուսաստանն արդեն ռազմական աջակցություն է ցուցաբարում Հայաստանին, ինչի մասին խոսում են որոշ փաստեր: Այդպիսով, պատմաբանը նշեց, որ Ռուսաստանը, փաստացի, կատարում է Հայաստանի առաջ իր դաշնակցային պարտավորությունները:

«Խոսքը, մասնավորապես, Իդլիբի ուղղությամբ հարվածների մասին է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան ահաբեկիչների է ուղարկել Ադրբեջան հենց այդ շրջաններից: Այժմ, ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, ահաբեկիչների ուղարկումը դադարեցվել է, քանի որ նրանց բոլոր բազաները ոչնչացվել են»,-ընդգծեց պատմաբանը:

Մարուքյանի խոսքով՝ Իդլիբում Ռուսաստանի գործողությունների պատճառով Թուրքիան, փաստացի, ստիպված է եղել գործի դնել 1200 մարդուց բաղկացած իր հատուկ նշանակության ջոկատները, քանի որ այժմ հնարավոր չէ օգտվել ահաբեկիչների ծառայություններից:

Նա նաեւ նշեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան, փաստացի, ստիպված են եղել սահմանափակել իրենց ռազմաօդային ուժերի ակտիվությունը:

«Դա կարելի է համարել մեր ռազմատեխնիկական համագործակցության հաջողությունը»,-պարզաբանեց Մարուքյանը: