Երբ պետությունները սկսում են համագործակցել ահաբեկիչների հետ, տվյալ դեպքում խոսքը Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին է՝ երկրներ, որտեղ ցեղասպանություն է իրագործվել, այսօր, փաստացի, վերածվում են ահաբեկչական պետությունների: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մարուքյանը:

Նա նշեց, որ միջազգային պրակտիկայում նույնիսկ գերիների կյանքը փրկելու համար ահաբեկիչների հետ բանակցություններ չեն վարում: Նրա խոսքով՝ ահաբեկիչների հետ համագործակցությունը միայն ոգեշնչում է նրանց:

«Տվյալ դեպքում, երբ պետություններն օգտագործում են ահաբեկչական կազմակերպությունների իրենց քաղաքական նպատակների իրականացման համար, նրանք պետք է պատրաստ լինեն, որ իրենց ձեռքում երկսայր թուր կա: Այսինքն՝ այդ թուրը կարող է վնասել նաեւ իր տերերին: Մենք տվյալներ ունենք, որոնք, ի դեպ, հրապարակվել են, այն մասին, որ այդ ահաբեկիչներն արդեն հսկողությունից դուրս են գալիս: Եվ իրավիճակն այնքան է սրվել, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը նրանցից վերցնում է եւ՛ փաստաթղթերը, եւ՛ հեռախոսները, որպեսզի վերջին հաշվով հսկողության տակ առնի նրանց»,-ասաց Մարուքյանը:

Ընդ որում, պատմաբանը նկատեց, որ ահաբեկիչների ուղարկումը ՌԴ տարածք նույնպես կարող է պայմանավորված լինել այդ հանգամանքներով: