Այսօր դժվար է կանխատեսել Էրդողանի հետագա քայլերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Էրդողանն ավելի ագրեսիվ է դարձել, չնայած նրան, որ դա կարող է բացատրվել նրանով, որ ծրագրված բլիցկրիգը ձախողվել է՝ չնայած գործադրված ջանքերին:

Պատմաբանի խոսքով՝ հայտնի թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ները, որոնք ակտիվորեն կիրառում են ադրբեջանցի զինվորականները, այսօր չեն գերակշռում օդում, քանի որ դրանք պարզապես չկան:

«Դրանց գերակայությունը Արցախի երկնքում արդեն ավարտվել է: Նա նույնիսկ ցանկալի արդյունքի չկարողացավ հասնել՝ ահաբեկիչների օգտագործելով: Լաչինի միջանցքը «կտրելու» փորձը եւս անհաջողությամբ պսակվեց: Պատերազմն այն ծրագրով չի գնում, որը սկզբնապես մշակվել էր»,-պարզաբանեց Մարուքյանը՝ հավելելով, որ Ֆրանսիայի նախագահի հասցեին հնչեցրած վիրավորանքները եւ ԱՄՆ-ի հասցեին սպառնալիքները միայն վկայում են այն մասին, որ ՆԱՏՕ-ն եւ իր գործընկերները լուրջ խնդիրներ ունեն կոալիցիայի անդամ Անկարայի հետ: