Ռուսաստանը մինչեւ վերջին պահը ցանկանում էր հասկանալ, թե մեր տարածաշրջանում՝ Ղարաբաղում, ո՞վ է կանգնած Թուրքիայի գործողությունների հետեւում՝ ի դեմս նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։ Այս մասին հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ղեկավար, պատմագիտության թեկնածու Արմեն Մարուքյանը:

Պատմաբանի խոսքով՝ Մոսկվան մասնավորապես ցանկանում էր հասկանալ՝ արդյո՞ք Անկարայի գործողությունները չեն ղեկավարվում Արեւմուտքից։

«Նրանք ցանկանում էին հասկանալ՝ սա Էրդողանի անձնակա՞ն նախաձեռնությունն է, թե՞ նրան դրդել եւ ուղղորդել են ՆԱՏՕ-ից գործընկերները։ Բայց վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Էրդողանին, ավելի շուտ, հաջողվել է լուրջ հակամարտության մեջ մտնել նույնիսկ ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է կապերը համաձայնեցնել նվազագույնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակում»,- նշեց Մարուքյանը։

Ընդ որում՝ նա չբացառեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Ղարաբաղի հիմնախնդրով բանակցային գործընթացում Թուրքիայի ներգրավումը։ Ավելին՝ պատմաբանի կարծիքով՝ Մինսկի խումբը պետք է բարձրացնի Թուրքիային Մինսկի խմբի կազմից հանելու հարցը։