Թրամփը, բնականաբար, ժամանակ չի ունեցել խորանալու և հասկանալու իրողությունները, որոնք մեր տարածաշրջանում կան, և ընդամենը դիմել է տեղում հավաքված հայերին՝ արձագանքելով նրանց բացականչություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով  հոկտեմբերի 25-ին Նյու Հեմփշիրում նախընտրական հանդիպման  ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած մտքերին։

 «Առաջին հերթին դա պատասխան էր ցուցարարներին, բայց բնական է, որ Միացյալ Նահանգների նախագահը շատ լավ գիտեր, որ այդ պահին ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները՝ սկզբում ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի մասնակցությամբ, հետո՝ ԱՄՆ պետքարտուղարի, բացի դրանից պետքարտուղարի տեղակալի հետ։ Այնպես որ այս պրոցեսին նա ծանոթ էր, և գիտեր, որ կարող է դրական տեղաշարժ լինել, և կողմերը կարող են հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք բերել»,- ընդգծեց միջազգայնագետը։

Նշենք, որ այդ ելույթի ժամանակ Դոնալդ Թրամփն անդրադարձավ  Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմին, թեև չնշեց Ղարաբաղի անունը։ Նա ասել էր․

«Մենք ամեն ինչ կարգի կբերենք: Դա պետք է տեղի ունենա, ինչպես ես նշում եմ, հեշտությամբ: Դա հեշտ կլինի, եթե գիտես՝ ինչ ես անում»։

Այդ ելույթի ժամանակ Դոնալդ Թրամփի՝  Կոսովոյի հակամարտության լուծման հիշատակումը մեծ ոգևորություն է առաջացրել հայ հասարակության շրջանում, անգամ առիթ է տվել ենթադրելու, որ Թրամփն ակնարկում էր Լեռնային Ղարաբաղի  անկախության ճանաչման հնարավորության մասին։ Սուրեն Սարգսյանի համոզմամբ՝ ԱՄՆ նախագահը Կոսովոյին ոչ թե դիտարկում էր  որպես նախադեպ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար, այլ նկատի ուներ հետևյալը․

«Կոսովոյի մասին խոսելիս նա նկատի ուներ երկու-երեք շաբաթ առաջ իր միջնորդությամբ Կոսովոյի և Սերբիայի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը։ Կոնֆլիկտի կողմերը, ըստ էության, համաձայնության եկան և առևտրի վերաբերյալ համաձայնագիր կնքեցին, կարծում եմ՝ Թրամփը Կոսովո ասելով հենց սա նկատի ուներ, այլ ոչ թե Կոսովոյի նախադեպը որպես միջազգային իրավունքի շատ կարևոր նախադեպ»,-ասաց Սուրեն Սարգսյանը։

ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը ուժի մեջ էր մտնում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 08։00-ից, խախտվել է Ադրբեջանի կողմից։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ հույս էլ չուներ, թե հրադադար կլինի, որովհետև Ադրբեջանը  պատրաստ չէ դրան։ Մեր հարցին, թե սա թվով երրորդ հրադադարի մասին պայմանավորվածությունն էր, և հույս կար, որ գոնե ԱՄՆ-ի ջանքերով այն կյանքի կկոչվեր, ի՞նչ արձագանքներ են հնչել, նա պատասխանեց․ 

«Այս ոգևորվածությունը ինձ նույնպես զարմացնում էր, և այն ոչ միայն Հայաստանում կար, այլև ամերիկյան քաղաքական շրջանակների մոտ, երևի լավ չէին պատկերացնում, թե ինչ տեսակի պետություն է Ադրբեջանն ու նրա մեջքին կանգնած Թուրքիան։ Հիմա բոլորը տեսան և հասկացան՝ ով է այստեղ իրականում խնդրահարույցը կողմը, որ դա Ադրբեջանն է Թուրքիայի աջակցությամբ։ Արձագանքներ դեռ չկան, կարծում եմ՝ մոտակա ժամերին, երբ Միացյալ նահանգներում լույսը բացվի,  որոշակի արձագանքներ կլինեն։»