Եվրոպական առաջնորդները նախազգուշացրել են դաժան ձմռան մասին, քանի որ կորոնավիրուսի համավարակը երկրներին ստիպել է նոր սահմանափակումներ մտցնել, որպեսզի փորձեն զսպել երկրորդ ալիքը, ընդ որում՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան ամեն օր հիվանդացության նոր ռեկորդներ են սահմանում, հայտնում է Reuters-ը:

Ըստ Reuters-ի հաշվարկների՝ աշխարհում ավելի քան 42,9 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, իսկ 1 151 929 մարդ մահացել է: Միացյալ Նահանգներում մահացությունների եւ վարակների ամենաբարձր թիվն է գրանցվել:

Այն հաղորդագրությունը, որ Օքսֆորդի համալսարանի եւ AstraZeneca Plc-ի կողմից մշակված պատվաստանյութը իմունային արձագանք է առաջացնում ինչպես տարեցների, այնպես էլ երիտասարդների մոտ, որոշակի հույս է տալիս, քանի որ մարդիկ ձմռան մոտենալու հետ ավելի շատ են շփվում ներսում:

Բայց Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը նախազգուշացրելէ, որ պատվաստանյութը լայնորեն հասանելի չի լինի մինչեւ հաջորդ տարի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ում նոյեմբերի 3-ին վերընտրվելու համար ծանր պայքար է սպասվում, կրկին հարձակվել է լրատվամիջոցների վրա՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման մասին հաղորդագրություններից հետո։ Նա կրկնել է իր պնդումը, որ COVID-19-ի դեպքերը աճում են մեծ քանակությամբ թեստերի պատճառով:

Եվրոպայում պատկերը շարունակում է մռայլ մնալ, քանի որ մի շարք երկրներ ռեկորդային աճ են արձանագրել՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, որն օրական հաղորդում է ավելի քան 50 000 դեպքի մասին, այն դեպքում, երբ մայրցամաքն անցել է 250 000 մահերի սահմանը:

Կառավարությունները հուսահատ փորձում էին խուսափել այն սահմանափակումներից, որոնք զսպեցին հիվանդությունը տարվա սկզբին՝ ամբողջ տնտեսությունը փակելու գնով: Բայց Եվրոպայում նոր դեպքերի կայուն աճը շատերին ստիպել է խստացնել սահմանափակումները:

«Մեզ շատ դժվար ամիսներ են սպասվում»,- ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Չնայած Գերմանիայում, Եվրոպայի մնացած մասի համեմատությամբ, լավ վիճակ է, այնտեղ նույնպես դեպքերի թվի կտրուկ աճ է դիտարկվում, իսկ գործարար կլիմայի Ifo գործակիցն երկուշաբթի ընկել է՝ արտացոլելով վիրուսի նկատմամբ մտավախությունները:

Իրավիճակն անդրադարձել է համաշխարհային ֆինանսական շուկաների վրա: Երկուշաբթի բաժնետոմսերը ընկել են, քանի որ վարակի աճը խամրեցրել է տնտեսական հեռանկարները:

Իսպանիայում, որտեղ գրանցվել է ավելի քան մեկ միլիոն դեպք, վարչապետ Պեդրո Սանչեսը զգուշացրել է, որ երկիրը կանգնած է «ծայրահեղ» իրավիճակի առջեւ:

Ռուսաստանում երկուշաբթի օրը COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի՝ 17 347-ի:

Մարտյան ճգնաժամի սկզբնական շրջանում առավել տուժած Իտալիայում, որը, նոր սահմանափակումներ է մտցրել, փակ են կինոթատրոններն ու մարզադահլիճները, իսկ մի քանի շրջաններում պարետային ժամ է սահմանվել:

Հանգստյան օրերին բողոքողների ոչ մեծ խմբերի բախումները եւ միջոցառումների ազդեցության կապակցությամբ ռեստորանների սեփականատերերի եւ բիզնես-խմբերի կողմից ցասումնալի քննադատությունը ընդգծել են ավելի ու ավելի լարված միջավայրը, որում հայտնվել է վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: