Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հնչեցրած վիրավորանքներն անընդունելի են: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գերմանիայի կառավարությունը ստիպված է հաշվի առնել Էրդողանի այդ հայտարարությունը: Այդ խայտառակ խոսքերը բացարձակ անընդունելի են, հատկապես իսլամիստի կողմից ուսուցչի սարսափելի սպանությունից հետո»,-ասել է նա: 

Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը դատապարտել է նաեւ խուզարկումը, որն անցկացվել է անցած շաբաթ Բեռլինի մզկիթում: «Գերմանիայի իրավապահ մարմինները գործում են օրենսդրությանը համապատասխան»,-նշել է Զայբերտը:

Ավելի վաղ Մակրոնն անջատողականության դեմ պայքարի թեմայով մեծ ելույթ էր ունեցել Ֆրանսիայում: Երկրի ղեկավարը հայտնել էր, որ դեկտեմբերի 9-ին կներկայացվի համապատասխան օրինագիծ՝ այն ուղղված կլինի հանրապետական արժեքների ամրապնդմանը, իսկ Ֆրանսիայի իշխանությունները հատուկ ուշադրություն կդարձնեն երեխաների կրթմանը: Մակրոնը նաեւ ասել էր, որ Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ միասին անհրաժեշտ է ստեղծել մի կազմակերպություն, որը կօգնի երկրում «լուսավորչական իսլամ» կառուցել: Դրա համար առիթ էր դարձել ուսուցչի գլխատումը, ով ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը:

Ի պատասխան Էրդողանն իր ֆրանսիացի գործընկերոջը խորհուրդ է տվել «բուժել հոգեկանը»: Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան հետ է կանչել Անկարայից իր դեսպանին խորհրդակցությունների համար: Դրանից հետո Թուրքիայի նախագահը կրկին վիրավորել է Մակրոնին՝ ասելով, որ Մակրոնը «բժիշկների մոտ ստուգման կարիք ունի»: