Անգլիական այգում պատերազմի երրորդ օրվանից կամավորները պատրաստում են վիրակապեր՝ առաջնագիծ ուղարկելու նպատակով։ Մինչև հիմա ուղարկել են մոտ 1000 խմբաքանակ վիրակապ։

«Վիրակապերը պատրաստում ենք 150 մետրանոց չիթ տեսակի կտորից, չափագրում ենք, կտրատում և փաթեթավորում։ Նախաձեռնությունը կազմակերպել ենք մի քանի ընկերներով, ապա, երբ նախաձեռնությունը ընդլայնվեց, մեզ միացան նաև կամավորներ», - պատմեց նախաձեռնության կազմակերպիչ Իզաբելլա Խոշբեկյանը։

Կամավորները  սկզբում աշխատում էին այգու բաց երկնքի տակ, սակայն անձրևների սկսվելուն պես այգու տնօրինությունը կամավորներին տրամադրել է փակ տարածք։