Հռոմի քաղաքապետը հայտարարել է, որ մաֆիան պլանավորել էր սպանել իրեն ու իր ընտանիքին

Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռագին հայտարարել է, որ մաֆիան պլանավորել էր սպանել իրեն ու իր ընտանիքին, հաղորդում է Reuters-ը:

Ռագին 2016-ին դարձել է Հռոմի առաջին կին քաղաքապետը, ինչը մեծ առաջընթաց էր իր «5 աստղերի շարժում» կուսակցության համար: Նա հաջորդ տարի իր թեկնածությունը կդնի վերընտրվելու համար:

Նրա խոսքով՝ ինքը թիրախավորվել է մաֆիայի Կազամոնիկա կլանի կողմից այն բանից հետո, երբ 2018թ. հրամայել է քանդել ապօրինի կառուցված վիլլաները` ստիպելով նրանց ապրել ոստիկանության ուղեկցությամբ:

«Մեզ տեղեկացրել են, որ նրանք պատրաստվել են հարձակվել իմ եւ իմ ընտանիքի վրա»,- հավելել է նա՝ առանց մանրամասնելու:

Ռագին ասել է, որ ինքը պայքարել է նաեւ Հռոմի տարբեր մասերում գործող մաֆիայի այլ հզոր կլանների դեմ, ինչպիսիք են Սպադա կլանը՝ ծովափնյա Օստիա շրջանում, եւ Մարանդո կլանը՝ Սան Բազիլիոյում՝ Հռոմի արեւելյան ծայրամասում: