ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը իր խոսքն է հղել Արցախի,Հայաստանի եւ Սփյուռքի հայերին։

Նա կոչ է արել՝ դառնալ մի բռունցք՝ դիմադրելու այս դժվար պահին։

«Սիրելի հայեր՝ Արցախ աշխարհի, Հայաստան աշխարհի, Սփյուռք աշխարհի, այսօրվա իրավիճակը, որը պարտադրվել է մեզ, ստիպում է ենթարկվել հրամայականին, որի կոչն է՝ մեծ բռունցք դառնալը, որովհետեւ մեր անունից այսօր պատերազմի առաջնագծում իր խոսքն է ասում հայ զինվորը՝ փրկելու տուն,տեղ, մանուկ, դպրոց, հիվանդանոց, եկեղեցի, ահել-ջահել։

Թող մեր միաբանությունը մեզ կրկին ու կրկին ուժ տա դիմադրելու այս դժվար պահին, ավելի ու ավելի մոտ դարձնի մեր ցանկալի լուսավոր օրը, որն անկասկած մեր հաղթանակով է լինելու։ Տղանե՛ր, մենք հետեւում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ եւ հավատում ենք ձեր անկոտորում ուժին, որ բերելու է մեր խաղաղությունը, բերելու է մեր վաղվա լուսավոր օրն Արցախում, Հայաստանում եւ ամեն մի հայի սրտում»,- ասաց Մանսուրյանը։