Զինվորական ղեկավարությունը լիովին տիրապետում է տեղեկատվությանը, եւ այդ հիման վրա են ընդունվում որոշումները, ներառյալ վերախմբավորումների վերաբերյալ որոշումները: Այս մասին հոկտեմբերի 26-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Որոշ տեղերում հակառակորդի առավելությունը 10-ապատիկ է, եւ որոշումներն ընդունվում են հաշվի առնելով այս փաստը: Ինչ վերաբերում է հայկական անօդաչու թռչող սարքերին, ապա դրանք իրենց դերակատարությունն ունեն այս պատերազմում: Աշխատանքներ են տարվում այդ հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ»,- ասաց նա:

Հովհաննիսյանը հիշեցրեց հրադադարի ռեժիմի խախտման մեղավորին մատնանշող միջազգային առաջնորդների հայտարարությունները, եւ այն, որ արդեն ոչ ոք չի կասկածում, որ դա ադրբեջանական կողմն է: