Ֆրանսիայում հաքերային հարձակման են ենթարկվել կենսաթոշակային միավորումների, շրջանային վարչությունների եւ բիզնես ընկերությունների տասնյակ կայքեր, հայտնում է AFP գործակալությունը։ Կայքերում հայտնվել են կարգախոսներ, որոնք իսլամի եւ Մոհամմեդ մարգարեի հաղթանակի ու Ֆրանսիայի մահվան կոչ են անում, ինչպես նաեւ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի պատկերը խոզի տեսքով, փոխանցում է DW-ն։

Կիբեռանվտանգության հարցերով ֆրանսիացի փորձագետները դեռեւս կիրակի նախազգուշացվել էին կիբեռհարձակումների ալիքի մասին, որոնք մեծապես կրկնել են 2015 թվականի կիվեռհարձակումները, երբ դրանք ուղեկցվել էին իսլամիստական ահաբեկչություններով։ Հարձակումների պատճառը Մակրոնի արտահայտություններն են 47-ամյա ուսուցիչ Սամուել Պատիի սպանության վերաբերյալ, որը դասաժամին ցույց էր տվել մարգարեի ծաղրանկարը։ Մակրոնը սպանված մանկավարժին անվանել էր «խաղաղ հերոս», որ սպանվել էր վախկոտների կողմից, քանի որ նա մարմնավորում էր հանրապետությունը»։ «Սամուել Պատին սպանվեց, քանի որ իսլամիստները ցանկանում են խլել մեր ապագան եւ գիտեն, որ դա չի հաջողվի անել այնպիսի խաղաղ հերոսների հետ, ինչպիսին նա էր»,- շեշտել էր Ֆրանսիայի նախագահը։

Հոկտեմբերի 23-ին ելույթ ունենալով մանկավարժի հիշատակի սգո արարողության ժամանակ՝  Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ իսլամը ճգնաժամի վիճակում է։ «Մենք չենք հրաժարվի ծաղրանկարներից եւ նկարներից»,- հավելել է նա։ Հոկտեմբերի 24-ին եւ 25-ին Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում հարյուրավոր ցուցարարներ փողոց էին դուրս եկել՝ իրենց վրդովմունքն արտահայտելու իսլամի մասին Մակրոնի հայտարարությունների վերաբերյալ։

Որոշ մուսուլմանական պետությունների առաջնորդներ նույնպես Ֆրանսիայի առաջնորդի խոսքն ակնհայտ դժգոհությամբ էին ընդունել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մակրոնին անվանել էր «հիվանդ» եւ խորհուրդ տվել «հոգեկան վիճակը հետազոտել»։ Ի պատասխան՝ Ֆրանսիան Անկարայից իր դեսպանին հետ էր կանչել խորհրդակցության համար։