Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականության շարունակումը Վաշինգտոնի ազդեցությունը միայն թուլացնում է։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է ԻՌՆԱ-ն։

«ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ պատժամիջոցներից կախվածություն է ձեռք բերել։ Անհրաժեշտ է սովորույթը հաղթահարել։ Իրանի դեմ տնտեսական պատերազմի ծավալումը կհանգեցի ԱՄՆ-ի ազդեցության ոչ թե ուժեղացմանը, այլ թուլացմանը»,- նշել է նա Twitter-ում՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենի խոսքն այն մասին, որ Վաշինգտոնը Ռուսաստանի եւ Իրանի դեմ չափից շատ պատժամիջոցներ է մտցրել։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի, ինչպես նաեւ Իրանի մի շարք այլ քաղաքացիների, ընկերությունների եւ կազմակերպությունների դեմ, այդ թվում է նավթի նախարարությունը։