ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը պետք է միասին աշխատեն` Չինաստանի կողմից անվտանգության եւ ազատության նկատմամաբ «սպառնալիքին» դիմակայելու համար, հնդիկ առաջնորդների հետ բանակցություններից առաջ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը:

«Այսօր երկու հզոր ժողովրդավարությունների համար մերձենալու նոր հնարավորություն կա»,- ասել է Պոմպեոն Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարի եւ պաշտպանության նախարար Ռաջնաթհ Սինգհի հետ բանակցություններից առաջ:

«Իհարկե, դեռ շատ աշխատանք կա անելու: Մենք այսօր քննարկելու շատ բան ունենք. մեր համագործակցությունն Ուհանի բռնկված համաճարակի կապակցությամբ, Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կողմից անվտանգության ու ազատության նկատմամբ սպառնալիքներին հակազդելու եւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խթանման համար»:

Հնդկաստանը Չինաստանի հետ իր խնդիրներն ունի: Հունիսին սահմանին չինական ուժերի հետ բախման արդյունքում 20 հնդիկ զինվոր էր սպանվել, ինչը թեժացրել էր Չինաստանի դեմ տրամադրությունները Հնդկաստանում եւ վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությանը դրդել էր ավելի սերտ ռազմական կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ: