Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը ցանկացած երկրի ներգրավումը պետք է համաձայնեցվի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե Թուրքիան արդյոք պե՞տք է ավելի շատ ներգրավված լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով բանակցությունների հաջորդ ռաունդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այստեղ կարեւոր է միայն երկու կողմերի տեսակետը, նկատի ունենք հակամարտող երկրներին՝ Ադրբեջանին եւ Հայաստանին։ Միայն առճակատող երկրներն են կարող համաձայնություն տալ կամ ցանկանալ կարգավորման գործընթացում այս կամ այն պետության մասնակցությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։