Հայկական զինված ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցի զինվոր Էմին Բախշալիեւը պատմել է Արցախի դեմ ագրեսիայի նախապատրաստմանը թուրքերի մասնակցության մասին: Հարցաքննությունից մի հատված ցուցադրվել է ՀՀ ԱԱԾ-ի եւ ՔԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ:

Բախշալիեւի խոսքով` Թուրքիայից ժամանած զինվորականները նախապատրաստական աշխատանքներ են անցկացրել իրենց զորամասում, որոնք 10-15 օր են տեւում: «Մեզ ասացին պատրաստվել պատերազմի: Թուրքերը զինվորական համազգեստով էին, բայց` առանց կոչման: Դրանք «հրամանատար» էին կոչում»,- ասել է Բախշալիեւը` հավելելով, որ իրենց հրամայել են հնարավորինս շատ հայերի սպանել: Նա նաեւ ասել է, որ հրթիռային համակարգերը տեղակայվում են խիտ բնակեցված թաղամասերի բնակելի շենքերի բակերում: «Դրանք օգտագործել են ռազմական գործողությունների ժամանակ: Մարդիկ շարունակում էին ապրել իրենց տներում»,- հայտնել է Բախշալիեւը: