Իսպանիայում երրորդ եռամսյակում գործազուրկների թիվը աճել է 355 հազարով, ինչի հետեւանքով գործազրկության ընդհանուր մակարդակն աճել է՝ 15,3 տոկոսից հասնելով մինչեւ 16,3 տոկոսի, քանի որ կորոնավիրուսի դեպքերի թիվը եւ նոր սահմանափակումները վնաս են հասցնում տնտեսության զարգացմանը, փոխանցում է AP-ն։

Ազգային վիճակագրական ինստիտուտը հայտարարել է, որ Իսպանիայում գործազուրկների ընդհանուր թիվը կազմում է 3,7 մլն։

Այս ամիս ավելի վաղ կառավարությունը հայտարարել էր հաջորդ երեք տարիներին 800 հազար աշխատատեղ ստեղծելու նպատակով 140 մլրդ եվրո օգնություն հատկացնելու ծրագրերի մասին։

Իսպանիայի կառավարությունն ակնկալում է, որ երկրի տնտեսությունն այս տարի կկրճատվի 11,2 տոկոսով։ Որոշ հատվածներում, ինչպես՝ տուրիզմի, անկումը կարող է հասնել 25 տոկոսի։ Պաշտոնատար անձինք կանխատեսում են այս եւ հաջորդ տարի գործազրկության մոտ 17 տոկոսի մակարդակ։