279 քրեական գործ է հարուցվել Արցախի եւ Հայաստանի դեմ ագրեսիայի, խաղաղ բնակիչների վրա հարձակման, ահաբեկչությանը մեղսակցության եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի ընթացքում կատարված բազմաթիվ այլ հանցագործությունների փաստերով: Այս մասին հոկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արթուր Մելիքյանը:

Ըստ նրա` խոսքը նաեւ պատերազմական հանցագործությունների, ունեցվածքի, հուշարձանների ու սրբավայրերի դիտավորյալ ոչնչացման մասին է: Հետաքննության արդյունքում ձեռք բերված ապացույցները կօգտագործվեն ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական իմաստով` միջազգային դատական ատյաններ դիմելու համար:

ՔԿ-ի ղեկավարի տեղակալը հայտնել է նաեւ, որ գերատեսչության 15 աշխատակից զորակոչվել է բանակ, եւս 4-ը մեկնել է որպես կամավոր: Ավելի քան 150 կամավոր քննիչ վերապատրաստում է անցնում պատերազմական գոտի մեկնելու համար: Քննչական կոմիտեի ուժերով հավաքվել է 13 միլիոն դրամ, գումարը փոխանցվել է «Հայաստան» հիմնադրամ` բանակի կարիքների համար: