2020թ. սեպտեմբերին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%:

Հայաստանի ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միաժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 1.3%։

Չնայած երրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում արձանագրված որոշակի դրական զարգացումներին, գնահատվում է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կորոնավիրուսի համավարակի նոր թափով տարածման եւ դրանից ածանցվող բարձր անորոշությունների պարագայում համաշխարհային պահանջարկի եւ տնտեսական ակտիվության վերականգնումը որոշակիորեն կհետաձգվի:

Միեւնույն ժամանակ, ապրանքահումքային շուկաներում պահպանվում է թույլ գնաճային միջավայր։

Նման իրավիճակում ՀՀ հիմնական գործընկեր երկրների ԿԲ-ները շարունակում են իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն: Այդուհանդերձ, ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում: