Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է ցածր տնտեսական ակտիվությունը եւ սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ արձանագրվել է տնտեսական ակտիվության 7.5% նվազում, ինչը հիմնականում արտահայտվել է ծառայությունների ոլորտի զգալի կրճատմամբ։

Հայաստանի ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ չնայած իրականացված հարկաբյուջետային խթանող քաղաքականությանը, ներքին պահանջարկը եռամսյակի ընթացքում սպասվածից որոշակի թույլ է եղել` առավելապես պայմանավորված մասնավոր սպառման ավելի խորը նվազմամբ:

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական հարձակումը եւ դրա հետ մեկտեղ հոկտեմբերի առաջին կեսին կորոնավիրուսի համավարակի բարձր տեմպերով տարածումը ձեւավորել են բացասական միջավայր թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի զարգացումների տեսանկյունից։

Գնահատվում է, որ թողարկման ծավալների որոշակի կրճատմանը զուգահեռ, միաժամանակ կավելանա տնտեսական աճի հեռանկարների հետ կապված անորոշությունը՝ դրանով իսկ որոշակի հետաձգելով տնտեսական ակտիվության եւ ներքին պահանջարկի վերականգնումը: Ստեղծված իրավիճակում Կառավարությունը նախանշում է զգալի ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականության իրականացում:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստացի եւ սպասվող մակրոտնտեսական զարգացումները,  այդ թվում՝ ռիսկի հավելավճարի որոշակի աճը, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նման պայմաններում, կանխատեսվող հորիզոնում գնաճն աստիճանաբար կավելանա եւ ժամանակահատվածի վերջին կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո առկա են կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման երկկողմանի հավասարակշռված ռիսկեր, ուստի Կենտրոնական բանկը իրական ժամանակի ռեժիմով հետեւում է իրադարձությունների զարգացմանը եւ դրանց դրսեւորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։