Մահմեդական պաշտամունքի ֆրանսիական խորհրդի ղեկավար Մուհամմեդ Մուսաուին կոչ է արել մահմեդականներին անտեսել կրոնական թեմաներ շոշափող ծաղրանկարները եւ չդիմել բռնության, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Reuters-ին:

«Ավելի ճիշտ չի՞ լինի հետեւել (Մուհամմեդ) մարգարեի օրինակին եւ անտեսել այդպիսի ծաղրանկարները, ինչպես նաեւ հերքել դրանց որեւէ կապը մեր մարգարեի հետ»,- Մուսաուիի խոսքերն է մեջբերում գործակալությունը: Նա նաեւ հիշեցրել է հավատացյալներին, որ Ֆրանսիայում այդպիսի պատկերներն արգելող օրենք չկա:

Հոկտեմբերին Կոնֆլան Սենտ Օնորինում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ իսլամիստ արմատականը սպանել եւ գլխատել էր պատմության եւ հասարակագիտության ուսուցչին, որն իր աշակերտներին ցույց էր տվել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները՝ որպես մտքի ազատության արտահայտման օրինակ, Մակրոնը խոստացել է բարեփոխել 1905թ. օրենքը, որպեսզի կրոնը եւ պետությունը ավելի տարանջատվեն։

Մակրոնը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Ֆրանսիայում իսլամը արտաքին ազդեցությունից պաշտպանելու եւ մզկիթների ֆինանսավորման աղբյուրների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու մտադրության մասին: