Արցախի Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Արցախի հյուսիսային ուղղության դիրքերից մեկից։ Պատերազմի առաջին օրերից թշնամու հատուկ ուշադրության կենտրոնում է այդ դիրքը։ Այդ տարածքում 5 անընդմեջ գրոհ է եղել։

«Իրենց դիմային հարվածով մեր մարտական դիրքի անձնակազմը պահել է։ Մեր հետախուզական դասակից 4 զինծառայող՝ իմ գլխավորությամբ շրջանցում է կատարել»,- պատմել է փոխգնդապետ Բազիկյանը։

Արդյունքը 80-ից 100 մետր տարածքում մնացած հակառակորդի տասնյակ դիակներն են։ Մի քանի տասնյակ դիակներ դեռ շարունակում է մնալ այդտեղ։ Դիակների մի մասը հակառակորդի դիքերին ավելի մոտ է, քան հայկական դիրքերին, սակայն անգամ այդ դիակներին հակառակորդը հրաժարվում է տեր կանգնել։

Զինծառայողները գիտեն, որ իրենց կռիվը միայն ադրբեջանական բանակի դեմ չէ. մահացածների հեռախոսների տվյալները հերթական ապացույցն են պարունակում. «Հեռախոսահամարների մեջ 3-4 ադրբեջանցու համար կա. մնացածը կամ արաբներ են կամ թուրքեր»։

«Մենք մի բռունցք դարձած կանգնած ենք։ Մեր հողերը պաշտպանելու ենք մեր արյան գնով, այլ տարբերակ չկա»,- ասել է կամավորներից մեկը։