CBS հետուստաալիքի «60 րոպե» հաղորդման հաղորդավարուհի Լեսլի Սթոլի ընտանիքի անդամին սպառնացել են ֆիզիկական դատաստանով՝ այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ նա ձայնագրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցը: Լրագրողին եւ նրա ընտանիքին թիկնապահներ են տրամադրել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով TMZ պորտալին:

«Բազմաթիվ աղբյուրներից մեր ստացած տեղեկատվության համաձայն, CBS-ն այժմ ապահովում է Սթոլի շուրջօրյա անվտանգությունը` կապված նրա ընտանիքի անդամներից մեկի ստացած սպառնալիքի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: «Մեզ պատմեցին, որ հեռուստաալիքը ապահովում է անվտանգության աշխատակիցներին, ովքեր այժմ հետեւում են Լեսլիի եւ նրա ընտանիքի անդամների տներին: Նրանք ուղեկցում են նրանց, եթե դուրս են գալիս տնից»:

Ըստ պորտալի, սպառնալիքը ստացվել է հոկտեմբերի 22-ի առավոտյան՝ այն հարցազրույցի ձայնագրությունից մի քանի օր անց, որը հանկարծ ընդհատել էր Թրամփը, եւ մի քանի ժամ առաջ այն բանից, երբ նախագահը հրապարակել էր Սթոլի հետ իր զրույցի տեքստը: Ի սկզբանե նախատեսված էր, որ այն եթեր հեռարձակվի անցած կիրակի:

Հարցազրույցի ընթացքում Թրամփին դուր չի եկել հեռուստահաղորդավարուհու հարցերի միտումնավորությունը, ով, նրա կարծիքով, փորձել է նսեմացնել իրեն՝ գոհացնելու համար նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր մրցակցին, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենին: 45 րոպե զրույցից հետո նախագահն ընդհատել է հարցազրույցը՝ ասելով, որ հեռուստաընկերությունն «արդեն բավականաչափ նյութ ունի»: Շուտով Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ մտադիր է «ճշգրտության համար» հարցազրույցը հրապարակել նախքան դրա եթեր հեռարձակումը, ինչը եւ նա հինգշաբթի օրը արել է։