Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում վավերացրեց Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան:

Ինչպես իր ելույթում նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ներկայումս կոնվենցիայի (ստորագրվել է 1989 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում) մասնակից է 36 պետություն: Տվյալ փաստաթղթի համաձայն՝ մասնակից պետությունները հրաժարվում են վարձկանների հավաքագրումից, ֆինանսավորումից եւ ուսուցումից եւ արգելում գործունեության տվյալ տեսակը:

Միեւնույն ժամանակ, նրանք չեն հավաքագրում, չեն օգտագործում, չեն ֆինանսավորում եւ չեն ուսուցանում վարձկանների՝ ժողովուրդների՝ ինքնորոշման անքակտելի իրավունքի օրինական իրացման դեմ պայքարի նպատակով, եւ միջազգային իրավունքին համապատասխան պատշաճ միջոցներ են ձեռնարկում վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը կամ ուսուցումը կանխելու համար: Մասնակից պետությունները համապատասխան պատիժներ են նախատեսում ներկայիս Կոնվենցիայում նշված հանցանքների համար՝ հաշվի առնելով այդ հանցանքների ծանրությունը:

Պատգամավորները վավերացրեցին վերոնշյալ Կոնվենցիան 71 «կողմ» ձայներով: