Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Սամսոն Հովհաննիսյանը մահացել է կյանքի 107-րդ տարում, հայտնում է JNEWS-ը:

Սամսոն Հովհաննիսյանը, ով սեպտեմբերի 12-ին դարձել էր 106 տարեկան, մահացել է Վրաստանի հարավային Ախալքալաք քաղաքում:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա կռվել է Ուկրաինայի Պոլտավայի շրջանում, իսկ պատերազմից հետո 60 տարի Ախալքալաքում աշխատել է տարբեր ղեկավար պաշտոններում:

Վերջին տարիներին վետերանին խնամում էին հարազատները, քանի որ նա հազիվ էր տեսնում ու լսում: Սակայն, չնայած տարիքին, Սամսոն Հովհաննիսյանն ամեն առավոտ գնում էր խանութ՝ մթերք գնելու, փորձում էր ինքնուրույն լինել եւ միշտ ուրախ էր հյուրեր ունենալու համար:

Սամսոն Հովհաննիսյանը ծնվել է Ախալքալաքի հեռավոր Սամսար գյուղում՝ 1914 թվականին, հողագործի ընտանիքում: