Նյու Յորքի Բրուքլինի դատարանը NXIVM սեքս պաշտամունքի առաջնորդ Քիտ Ռանյեին դատապարտել է 120 տարվա բանտարկության, դատարանի դահլիճից հայտնել է New York Times պարբերականը։
Ռանյեն իր ընկերությունը գովազդում էր որպես անհատի կատարելագործման միջոցներ մշակող։ Նա հանրաճանաչ էր Հոլիվուդում եւ բիզնես շրջանակներում։
Ըստ մեղադրանքի՝ Ռանյեն խարդախ էր եւ իր համար հարեմ էր ստեղծել։ Մեղադրող կողմը հանգել է այն եզրակացության, որ կանանց դարձնում էին սեքս ստրկուհիներ, խարանում էին Ռանյեի անվանատառերով, քաղցած էին պահում եւ փող շորթում։ Կանանցից նաեւ պահանջում էին մերկանդամ լուսանկարներ ներկայացնել եւ նրանց վարկաբեկող տեղեկություններ պահում այն դեպքերի համար, եթե ապագայում խզեին կապերն ընկերության հետ։
Դատավարության ժամանակ լսվել են Ռանյեի 15 զոհերի ցուցմունքները։ Ընդ որում՝ 50 մարդ դատարանին նամակով խնդրել է ամբաստանյալի հանդեպ ներողամիտ լինելու մասին՝ հայտարարելով, որ NXIVM-ի թրենինգները իրենց կյանքը բարելավել են։
Բացի փաստացի ցմահ պատժաժամկետից, մեղադրող կողմը հասել է 1,75 մլն դոլար տուգանք սահմանելուն։
Ռանյեն ինքը դատավարության ժամանակ փորձել է ապացուցել իր անմեղությունը։
Սեքս պաշտամունքի գործով դատապարտվել է միլիարդատեր Քլեր Բրոնֆմանի դուստրը, իրենց մեղավոր են ճանաչել եւս մի քանի մարդիկ։