Հայաստանի արհմիությունները դիմել են միջազգային արհմիութենական համայնքին: Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Խախտելով միջազգային իրավունքը, Ադրբեջանի զինված ուժերը, արգելված զենքի տեսակների կիրառմամբ, նպատակային կերպով գրոհում են քաղաքացիական օբյեկտները` դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, հուշարձաններ եւ մշակութային հաստատություններ, տաճարներ. զոհվում են ծերեր, կանայք եւ երեխաներ: Ավելի քան 90 հազար մարդ փախստական ​​է դարձել, 24 հազար երեխա կորցրել է կրթություն ստանալու իր իրավունքը: Մենք պատերազմական հանցագործությունների ենք ականատես դարձել, երբ խաղաղ բնակիչները պարզապես գնդակահարվում են, հարձակվողների թիրախն են դառնում նաեւ բժիշկներն եւ լրագրողները:

Այսօր ոչ միայն Արցախն ու Հայաստանը, այլեւ ամբողջ տարածաշրջանն է մարդասիրական աղետի եզրին: Թուրքիան, որը հարյուր տարի առաջ անպատժելի կերպով իրականացրեց Հայոց ցեղասպանությունը նրանց պատմական հայրենիքում, հայտարարում է հայ ժողովրդին ոչնչացնելու իր մտադրության մասին:

Հայ հասարակությունը, ինչպես երբեք, համախմբվել է ագրեսորների դեմ պայքարի համար: Հայաստանի արհմիություններն անմասնակից չեն մնացել` իրենց ջանքերն ու ռեսուրսներն ուղղելով անօթեւան մնացած Արցախի բնակիչներին, արհմիությունների վիրավոր եւ զոհված անդամների ընտանիքներին օգնություն ցուցաբերելուն:

Այս օրերին շատ միջազգային կազմակերպությունները, պետությունների ղեկավարները, ինչպես նաեւ միջազգային արհմիությունները, չեզոքություն պահպանելով, դիմում են պատերազմող կողմերին` կոչ անելով հրադադար հաստատել եւ հակամարտության խաղաղ կարգավորմանն անցնել: Բայց այս պատերազմում կողմերը հավասար չեն, պաշտպանվող կողմը չի կարող դադարել պաշտպանվել, քանի դեռ թշնամին` ի դեմս Ադրբեջանի, Թուրքիայի եւ վարձու զինյալների, շարունակում է գրոհել:

Այն ամենը, ինչ տեղի է ունենում Արցախում, մեկ անգամ եւս ապացուցում է, որ Արցախի ժողովրդի անվտանգության միակ երկարաժամկետ երաշխիքը Հանրապետության անկախության ճանաչումն է: Ադրբեջանի կազմում նրան տրված ցանկացած կարգավիճակ կսպառնա Արցախի ժողովրդի կյանքին եւ անվտանգությանը, դա բազմիցս հաստատվել է պատմության ընթացքում:

Մենք դիմում ենք բոլոր արհմիություններին: Մեր առաքելությունն է միշտ պաշտպանել մարդու իրավունքները եւ պայքարել հանուն արդարության: Մի լռեք, դիմեք ձեր կառավարություններին: Ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից` հանուն այնտեղ ապրող մարդկանց փրկության»: