Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է սիրիական Իդլիբ նահանգում ընդդիմության ուսումնավարժական ճամբարի վրա հարձակման մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանի հարձակումն ընդդիմության ուսումնավարժական ճամբարի վրա Իդլիբի շրջանում ցույց է տալիս կայուն խաղաղության եւ հանգստության ցանկության բացակայությունն այնտեղ»,- ասել է նա` ելույթ ունենալով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջեւ:

Ինչպես հայտնում էին սիրիական լրատվամիջոցները, Թուրքիայի սահմանից ոչ հեռու Հարեմ քաղաքի մոտ գտնվող Ջաբալ Դուվեյլում ահաբեկչական խմբավորման ուսումնավարժական ճամբարի վրա հարվածի ժամանակ սպանվել է ավելի քան 40 գրոհային, վիրավորվել է առնվազն 60 մարդ:

Իդլիբը շարունակում է Սիրիայի միակ նահանգը մնալ, որի զգալի մասը դեռ վերահսկվում է ավազակախմբերի կողմից: 2017 թվականին այնտեղ դեէսկալացման հյուսիսային գոտի ստեղծեցին, ուր ծայրահեղականներ տեղափոխվեցին, ովքեր հրաժարվում էին զենքը վայր դնել Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանում եւ հարավային շրջաններում: Նահանգում թուրքական բանակի դիտակետեր կան, եւ, ռուս-թուրքական պայմանավորվածությունների համաձայն, երկու երկրների զինվորականները համատեղ պարեկություն են իրականացնում Իդլիբում: