Թուրքական Բայրաքթարները Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս։ Դիտարկվող տարածքները Գյումրին եւ Երեւանի օդանավակայաններն են։ Թռչող սարքերի այսպիսի ակտիվություն Հայաէրոնավիգացիայում նկատել են սեպտեմբերի 27-ից։ Թռչող օբյեկտների համաժամանակյա տեղաշարժ ֆիքսվում է նաեւ Ադրբեջանից։

«Բայրաքթարը թռել է մոտավորապես Յեվլախի մոտից, իսկ այս 2 ինքնաթիռը՝ Գյանջայից»,- ասում է Հայաէրոնավիգացիայի տեխնիկական տնօրեն Գեւորգ Սիմոնյանը։

ԱԱԾ ռադիոհետախուզական վարչությունը Թուրքիայի օդային տարածքից Ադրբեջան ուղարկվող հրահանգներ էլի ֆիքսել էին։ Հայաէրոնավիգացիայի եւ ԱԱԾ-ի մասնագետներ տեսաձայնային փաստերի համադրմամբ ապացուցեցին Էրզրումի երկնքում պտտվող ամենայն հավանականությամբ կապի եւ հրամանատարական թռչող օբյեկտն է ղեկավարում ադրբեջանական գործողությունները։

«Այս ինքնաթիռները չեն մտնում Ղարաբաղի օդային տարածք։ Իրենք աշխատում են 30-40 կիլոմետր օդային տարածքից ավելի հեռու»,- նշում է Գեւորգ Սիմոնյանը։

Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքներում թռչող օբյեկտների միջեւ հեռավորությունը 450-ից 500 կիլոմետր է։ Փորձառու օդաչուի համար եռյակի գործակցության պլանը անկհայտ է։

Օդաչուներից մեկն էլ նշում է, որ Բայրաքթար անօդաչու թռչող սարքերից կարող են կոորդինատները փոխանցվել օդային հրամանատարական կետին. «Իսկ այդտեղից որոշակի գործողությունների հետեւանքով կարող են փոխանցվել ինքնաթիռներին, որն էլ ավելի օպերատիվ է դարձնում նրանց գործողությունները, ավելի արագացնում տվյալ մարտական խնդրի կատարումը եւ մի քանի անգամ արագացնում մարտական գործողությունները»։