Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին եւ Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը: Այս մասին Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Այլեւս անկարող լինելով կոծկել Սիրիայից եւ Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ եւ սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությանը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին եւ Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը:

Հայկական կողմը հանդես է գալիս Հարավային Կովկասից միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անհապաղ հեռացման եւ տարածաշրջանի հետագա ապակայունացմանն ուղղված Թուրքիայի գործողությունները վճռականորեն մերժելու դիրքերից: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչություն հովանավորող երկրներ Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ իրենց երկրները միջազգային ահաբեկչության կենտրոն դարձնելու եւ այդ ժանտախտը տարածաշրջանով սփռելու համատեղ ջանքերը, որոնց դիմակայումն անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանային անվտանգությամբ շահագրգիռ բոլոր ուժերի սերտ համագործակցությունը:

Հայաստանը եւ Արցախը, ի տարբերություն մեր երկու հարեւանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ»։