Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը:

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, զրուցակիցները լուրջ մտահոգություն են հայտնել ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ եւ հակառակորդ կողմերին շուտափույթ եւ ամբողջական հրադադարի ու դեէսկալացիայի կոչ են արել: «Ընդգծվել է հակամարտության դիվանագիտական լուծմանը այլընտրանքներ չլինելը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը: Քննարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները:

Լավրովն ու Լե Դրիանը հատուկ նշել են հակամարտող կողմերի կողմից քաղաքական կամքի դրսեւորման եւ ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»: