Գերմանիան մի շարք սահմանափակումներ է մտցնում՝ կորոնավիրուսի վարակի կտրուկ աճը զսպելու համար:

Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դաշնային հողերի ղեկավարները համաձայնել են ռեստորանների, բարերի, կինոթատրոնների, թատրոնների եւ զվարճանքի այլ վայրերի չորսշաբաթյա փակմանը, հաղորդում է AP-ը:

Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն երկուշաբթի օրը եւ կշարունակվեն մինչեւ նոյեմբերի վերջը: «Մենք հիմա պետք է գործենք, որպեսզի խուսափենք երկրի առողջապահության ոլորտում սուր արտակարգ իրավիճակից»,- ասել է Մերկելը:

Խանութներն ու դպրոցները կշարունակեն աշխատանքը: Ռեստորաններում կարելի կլինի տանելու համար ուտելիք պատվիրել:

Մերկելը մարդկանց կոչ է արել անտեղի ուղեւորություններ չկատարել:

Որոշումն ընդունվել է ժամեր անց այն բանից, երբ հիվանդությունների վերահսկման գերմանական գործակալությունը հաղորդել է, որ վերջին օրվա ընթացքում գրանցվել է ռեկորդային 14 964 նոր հաստատված դեպք, ինչի հետեւանքով ընդհանուր թիվը կազմել է 449 275: