Մարտերը շարունակվում են, դրանք տեղական են, ոչ թե ինտենսիվ, բայց համառ բնույթ են կրում: Այս մասին հոկտեմբերի 28-ի երեկոյան կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնեց Հովհաննիսյանը, այսօր ամբողջ օրը Ադրբեջանի զինված ուժերը եւ նրանց աջակցող ահաբեկչական խմբավորումները շարունակել են տարբեր գործողությունները՝ Հայաստանի սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաեւ Արցախի հյուսիսից հարավ:

Բերձորի ուղղությամբ եւ հարավային հատվածում տեղի են ունեցել ոչ լայնամասշտաբ գործողություններ: Հակառակորդը,չնայած ջանքերին, չի կարողացել առաջ շարժվել Բերձորի ուղղությամբ: Մեր ստորաբաժանումներին հաջողվել է բարելավել իրենց դիրքերը: Հյուսիսային ուղղությամբ հիմնականում տեղի են ունեցել հրետանային մարտեր՝ Մարտակերտի ուղղությամբ եւ դեպի հյուսիս: «Օրվա ընթացքում դուք տեսել եք հակառակորդի բարբարոսության, բնակավայրերի հրթիռակոծման ապացույցները: Շուշիում եւ Ստեփանակերտում կան զոհեր եւ վիրավորներ: Հարված է հասցվել ծննդատանը եւ այլ շենքերին: Այս կապակցությամբ արվել են Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարությունների հայտարարությունները, մենք համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել ենք աղաղակող փաստի վրա»,- ընդգծեց Արծուն Հովհաննիսյանը:

Հարավում դիվերսիոն խմբերի ոչնչացումը շարունակվում է, մարտերը տեղական են, ոչ թե ինտենսիվ, բայց համառ բնույթ են կրում: Ընդհանուր առմամբ, կրակի խտությունը եւ ռազմական գործողությունների մասշտաբներն ու դինամիկան նվազել են։ «Արցախի Պաշտպանության բանակը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է կատարել հրադադարի պայմանավորվածությունները: Բայց Ադրբեջանում այդ պայմանավորվածություններն այլ կերպ են ընկալվում: Նրանք կարծում են, որ սա Արցախի բնակչությանը գնդակոծելու հնարավորություն է: Դա չի կարող այդպես լինել: Պաշտպանության բանակը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը բնակչությանը պաշտպանելու եւ ցանկացած սպառնալիք չեզոքացնելու ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը: