Թշնամու հարձակման ուժգնությունը կոտրվել է: Մարտերը շարունակվում են, դրանք տեղական բնույթ ունեն, մեծ թվով դիվերսիոն խմբերի վերացումը ժամանակ է պահանջում: Այս մասին հոկտեմբերի 28-ի երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մենք պաշտպանում ենք մեր տունը: Մենք տան տերն ենք եւ կհաղթենք»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինեն Ստեփանակերտի ծննդատան գնդակոծման հետ կապված գործողությունները, ՊՆ ներկայացուցիչը նշեց. «Մենք բազմիցս ասել ենք, որ վրեժ չենք լուծում խաղաղ բնակիչներից, ինչպես անում են Ադրբեջանի զինված ուժերը: Մենք պայքարում ենք մեր տուն ներխուժած թշնամու դեմ: Լինեն դրանք Ադրբեջանի, Թուրքիայի կամ այլ պետության զինված ուժերի ներկայացուցիչներ, թե ահաբեկիչներ: Մենք ասում ենք՝ բարի գալուստ դժոխք: Նրանք դժոխքում են հայտնվելու: Այո, պայքարը երկար կլինի, բայց մենք կհաղթենք, եւ թշնամիները դժոխքում կվառվեն»,- եզրափակեց Հովհաննիսյանը: