Ինքնամեկուսացման ռեժիմը ամբողջ Ֆրանսիայում կներդրվի հոկտեմբերի 30-ին՝ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի ֆոնին, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես որոշում կայացրի, որ ուրբաթ օրվանից անհրաժեշտ է կրկին ինքնամեկուսացման ռեժիմ ներդնել, որը թույլ տվեց կանգնեցնել վիրուսը»,- ասել է Մակրոնը: Նա ընդգծել է, որ կարանտինը կներդրվի Ֆրանսիայի ամբողջ տարածքում:

Ըստ Ֆրանսիայի ղեկավարի՝ երկրում կարանտինը կտեւի մինչեւ դեկտեմբերի 1-ը:

«Քանի որ մենք դասեր ենք քաղել գարնանային իրադարձություններից, ինքնամեկուսացման այս ռեժիմը հարմարեցված կլինի երեք ցուցանիշներով՝ դպրոցները կմնան բաց, աշխատանքը կարող է շարունակվել, կթույլատրվեն այցելությունները ծերանոցներ»,- շարունակել է նա:

Կառավարությունը մանրամասն կներկայացնի ինքնամեկուսացման կրկնակի ռեժիմի ծրագիրը, հավելել է Մակրոնը:

«Ինչպես գարնանը, դուք կկարողանաք ձեր տնից դուրս գալ միայն աշխատանքի գնալու, բժշկի կամ օգնության կարիք ունեցող հարազատի մոտ գնալու, գնումներ կատարելու եւ տան մոտ օդ շնչելու համար»,- բացատրել է Ֆրանսիայի ղեկավարը: Նա ընդգծել է, որ տանից դուրս գալու համար, ինչպես գարնանը, հարկավոր է գրավոր վկայական:

«Առեւտրային հարթակները, որոնք գարնանը ճանաչվել են որպես ոչ հիմնական, հասարակության համար հյուրընկալող բոլոր հաստատությունները, մասնավորապես բարերն ու ռեստորանները փակ կլինեն»,- հավելել է Մակրոնը:

Նա նաեւ ընդգծել է, որ հասարակական հավաքները կարգելվեն: «Դուք չեք կարողանա մի տարածաշրջանից մյուսը տեղափոխվել»,- շարունակել է նա: Միեւնույն ժամանակ, զիջումներ կլինեն նրանց համար, ովքեր առաջիկա հանգստյան օրերին արձակուրդից տուն կվերադառնան:

Առաջին անգամ Ֆրանսիայում կարանտին մտցվել էր մարտ ամսին, եւ այն տեւեց գրեթե երկու ամիս:

Ֆրանսիայում COVID-19-ի համավարակի սկզբից վարակված մարդկանց ընդհանուր թիվը գրեթե 1,2 միլիոն է, ավելի քան 35 000 մարդ մահացել է: Հոկտեմբերի 25-ին գրանցվել է հերթական հակառեկորդը` մեկ օրում կորոնավիրուսի 52 000 դեպք: