Կորոնավիրուսի համավարակի շարունակման ֆոնին աշխարհում ոսկու ընդհանուր պահանջարկը 2020 թվականի 3-րդ եռամսյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 19 տոկոսով՝ հասնելով մինչեւ 892 տոննայի։ Սա 2009 թվականից ի վեր եռամսյակային ամենացածր ցուցանիշն է, հետեւում է Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) «Ոսկու պահանջարկի դինամիկան» զեկույցից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Տարեկան կտրվածքով 3-րդ եռամսյակում ոսկու համաշխարհային պահանջարկը նվազել է 19 տոկոսով՝ հասնելով մինչեւ 892 տոննայի, քանի որ սպառողները շարունակել են իրենց վրա զգալ COVID-19 համավարակի ազդեցությունը։ Սա 2009 թվականի 3-րդ եռամսյակից սկսած ամենացածր եռամսյակային ցուցանիշն է»,- նշված է զեկույցում։ Շուկայում ոսկու առաջարկը այդ ժամանակահատվածում անցյալ տարվա համեմատությամբ 3 տոկոսով նվազել է։

Տարվա սկզբից մետաղի պահանջարկը կազմում էր 2,97 հազար տոննա, ինչը 10 տոկոսով քիչ էր 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդ որում՝ ոսկու ներդրումային պահանջարկը 3-րդ եռամսյակում նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 20 տոկոսով, նշում է WGC-ն։ Այսպես՝ ամբողջ աշխարհում ներդրողները գնել են 222,1 տոննա ոսկու ձուլակտոր եւ մետաղադրամ (տարցտարի +49 տոկոս), իսկ առավելագույն աճը եղել է արեւմտյան շուկաներում, Չինաստանում եւ Թուրքիայում։ Ներդրողները լրացուցիչ 272,5 տոննա ոսկի են ձեռք բերել ոսկով ապահովված բորսայական ֆոնդերի (ETF) միջոցով։ Տարեսկզբից ETF-ներն իրենց ակտիվներն ավելացրել են ավելի քան հազար տոննայով, եւ հիմա նրանց պահուստները կազմում են ռեկորդային 3,88 հազար տոննա։